Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Մարտի 1-ի հանրային դատ է պետք, ոչ թե լսումներ»

Մարտ 16,2012 17:22

Ինչպես արդեն հաղորդել է Aravot.am-ը, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ Մոնիթորինգի հանձնաժողովում քննարկված տեղեկատվական փաստաթղթում անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ին 10 զոհերի մահվան հետաքննությանը: Հիշատակելով 2011 թվականի ապրիլի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ 2008-ի դեպքերին, համազեկուցողները նշում են, թե ապահովելու համար, որ նման հետաքննությունը վայելի հայ հանրության վստահությունը՝ իրենք առաջարկել էին, որ ՀՀ նախագահը երաշխավորի, թե այդ հետաքննությունն անցկացվելու է հանրային հետազոտության ձեւով, որում ներգրավված կլինեն առաջին հերթին նաեւ մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատները:

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով համազեկուցողների այս առաջարկին՝ առաջինն ինչ ասաց, այն էր, որ փաստաթղթում կամ համազեկուցողների կողմից բացատրված չէ, թե ի՞նչ բան է հանրային հետազոտությունը: «Գուցե այդ առաջարկն անողները, Պրոսկոտը պատկերացնում են, թե դա ինչ է, որովհետեւ եվրոպական երկրներում, որտեղ հասարակական կարծիքը շատ պարտադիր է որոշումներ կայացնելիս՝ հանրային հետազոտություններն ունենում են իրավական հետեւանքներ, եւ, գուցե, իրենք դրանից ելնելով է, որ առաջարկում են հանրային հետազոտություն անել: Հայաստանում հանրային հետազոտություններ փաստացի տեղի են ունենում 4 տարի շարունակ: Չորս տարի է ե՛ւ մամուլում, ե՛ւ հրապարակներում, ե՛ւ տարբեր միջոցառումների ժամանակ, ե՛ւ Փաստահավաք խմբի զեկույցներում հանրային հետազոտություններ են արվել, որոնք հետեւանք չեն ունեցել, նաեւ իրավապահ մարմիններն են քննություն տարել, որն այդպես էլ որեւէ խնդրի լուծում կամ պատասխան չի տվել: Այսինքն, ինձ համար հանրային հետազոտություն ասվածը Հայաստանի դեպքում ընկալելի չէ»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ պատեհ առիթով, երբ իշխանությունները շարունակեցին ամեն ինչ անել «Մարտի 1»-ը չբացահայտելու համար, երբ ՀՔԾ-ում չկատարեցին Սերժ Սարգսյանի հավաստիացումը՝ «Մարտի 1»-ի էջը փակված չհամարելու վերաբերյալ, եւ հրապարակեցին իրենց այդ «խայտառակ» միջանկյալ զեկույցը, հայտարարել էր, որ զոհերի հարազատներին ու մեր հանրությանը մնում է արագ եւ ինքնակազմակերպված ձեւով Ազատության հրապարակում հանրային դատ իրականացնել: «Մարտի 1»-ի բացահայտման լուծումը ես տեսնում էի հանրային դատն իրականացնելու միջոցով: Հանրային քննարկումները, կրկնում եմ, եղել են 4 տարի շարունակ եւ հետեւանք՝ իրավական, չեն ունեցել»,- արձանագրեց Անդրանիկ Քոչարյանը:

Արձագանքելով մեր հարցադրմանն էլ ասաց, թե համազեկուցողների կողմից հանրային հետազոտություն անցկացնելու գաղափարը ոչ մի դեպքում չի ասոցացնում նախկին Փաստահավաք խմբի եւ կամ նրա գործառույթների հետ. «Բայց եթե նույն Պրեսկոտին կամ Ֆիշերին բացատրվի, որ հանրային քննարկումներ տարիներ շարունակ եղել եւ հետեւանք չեն ունեցել, եւ որ լուծումը տեսնում ենք հանրային դատ իրականացնելու մեջ՝ այդ ժամանակ, միգուցե, նրանք էլ հասկանային, որ դրա մեջ իմաստ կա. հանրային դատով կարելի է նորմալ արդարադատություն իրականացնել՝ դրանով նաեւ աշխարհին ցույց տալ, որ այսօր Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, եւ ժողովուրդը՝ ելնելով երկրի Սահմանադրությունից, կարող է եւ ունակ է այսպիսի գործընթաց իրականացնել»:

ԵԽԽՎ-ի հրապարակած փաստաթղթում համազեկուցողները նաեւ փոխանցում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ բաց է իրենց առաջարկների քննարկման համար եւ խնդրել Դավիթ Հարությունյանին մշակել հայեցակարգ՝ անցկացնելու հանրային լսումներ քրեական հետաքննության արդյունքների վերաբերյալ. «Միեւնույն ժամանակ նա արտահայտեց իր մտահոգությունը, որ այս խնդիրը քաղաքականացվել է եւ կարող է շահարկվել քաղաքական նպատակներով՝ հատկապես 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ուստի նա առաջարկեց, որ լսումների ժամանակն ընտրվի այնպես, որ նվազագույնի հասցվի հնարավորությունը՝ շահարկելու այն նախընտրական քարոզչական նպատակներով»: Այս մի արձանագրմանն անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանը հռետորական հարցադրումներ արեց. «Հանրային լսումներ որտե՞ղ, ի՞նչ ձեւաչափով են լինելու եւ ի՞նչ հետեւանքներ են ունենալու: «Մարտի 1»-ի հետ կապված բազմաթիվ լսումներ, բազմաթիվ փաստերի հրապարակումներ, կրկնում եմ՝ եղել են եւ այդպես էլ անտեսվել են իշխանություների ու պատկան մարմինների կողմից, եւ արդյունքում այդպես էլ որեւէ խնդիր իրավական դաշտում չի լուծվել: Դրանք բոլորը նորից իմիտացիոն բնույթի կարգախոսներ են, որոնք որեւէ հարց չեն լուծում: Իմ կարծիքով, կամ ժողովուրդը, կամ զոհերի հարազատների եւ քաղաքացիական ուժերի նախաձեռնությամբ ու եղած փաստերի հիման վրա՝ իսկ դրանք հսկայական քանակի են՝ պետք է իրականացվի արդարադատություն՝ հանրային դատի ձեւով, կամ այդ բոլոր լսումներն ու հանրային քննարկումները անիմաստ են, որովհետեւ որեւէ իրավական հետեւանք չեն ունենալու՝ առավել եւս, որ ՀՔԾ-ն երբեւէ նախաքննության ընթացքում այդ հանրային հետազոտության կամ լսումների ժամանակ հրապարակված փաստերը պատշաճ ձեւով չի օգտագործել»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031