Facebook-յան «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» խմբի անդամներին զարմացրել էր այն փաստը, որ Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանի https://www.saryan.am կայքում տեղեկատվությունը միայն անգլերեն եւ ռուսերեն է, ինչը օրենքի խախտում է: Aravot.am-ը թանգարանի տնօրեն եւ անվանի նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է դրա պատճառը: «Երբ կայքը բացվում էր, այնտեղ սխալ բան էր ընտրված: Մենք մեծ քանակությամբ նկարներ ունենք կայքում եւ դրանց տակ գրված է լեզուները՝ ռուսերեն եւ անգլերեն: Այսինքն՝ նկարը կրկնվում է ամեն լեզվի հետ: Այն որ պետք է նաեւ հայերենը լիներ եւ անպայման պետք է լինի, խոսք չկա, որ դա նույնիսկ քննարկելու բան չէ, ուղղակի հիմա մեր կայքն այնքան ծանր է, որ այն պետք է փոխել սկզբունքայնորեն: Չենք հասցրել դա ժամանակին անել եւ հիմա աշխատում ենք այդ պրոբլեմի վրա»,- մեկնաբանեց թանգարանի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ