Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես անուղղելի լավատես եմ »

Մարտ 16,2012 17:46


 

Երիտասարդ աստղաֆիզիկոս Սաթենիկ Ղազարյանը փոքրուց սիրել է ֆիզիկան, բայց երազել վիրաբույժ դառնալու մասին: Երբ ընտրեց աստղաֆիզիկան՝ որպես մասնագիտացում, հասկացավ՝ չի սխալվել: Իսկ պարբերաբար այցերը Բյուրականի աստղադիտարան նրան համոզեցին՝ Բյուրականն իսկապես ձգող ուժ ունի

Բյուրականում աշխատելու ժամանակ էլ տեղեկացավ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրի մասին՝ համատեղության կարգով ուսանել Փարիզի աստղադիտարանի ասպիրանտուրայում: Մասնակցեց, հաղթեց ու մեկնեց : Փարիզում զբաղված առօրյանից ժամանակ գտավ զրուցել մեզ հետ :

 

Ասում են՝ գիշերն ամենաշատը սիրում են գողերը, սիրահարներն ու աստղագետները: Դու էլ ե՞ս այդ աստղագետներից:

-Երբ փոքր էի, ես էլ էի սիրում զմայլվել աստղազարդ երկնքով, բայց երբ ընտրեցի աստղագիտությունը որպես մասնագիտություն, այն կորցրեց իր ռոմանտիկան ինձ համար:

Չեխովը կարծում էր, որ գիտությունը մարդու կյանքում ամենակարևորն է, ամենագեղեցիկն ու պետքականը: Ո՞րն է գիտության դերը քո կյանքում:

Համաձայն եմ Չեխովի այն մտքի հետ, որ գիտությունը մարդու կյանքում ամենագեղեցիկն է ու պետքականը, բայց չեմ կարող համաձայնել այն պնդման հետ, թե այն նաև ամենակարևորն է: Համենայն դեպս, ոչ ինձ համար: Կարծում եմ, դա ճիշտ է ասված կարիերիստ գիտնականների համար, իսկ իմ համար ամենակարևորը, բնականաբար, իմ ընտանիքն է: Ես սիրում եմ իմ մասնագիտությունն ու սիրով զբաղվում եմ այն գործով, ինչը հաճելի է ինձ:

Գիտությունն օվկիանոս է, որը բաց է ինչպես մակույկի համար, այնպես էլ՝ ֆրեգատի: Մեկը նրանով տեղափոխում է ոսկու ձուլակտորներ, մյուսը կարթով տառեխ է որսում այնտեղ: Դու ի˚նչ ես փնտրում գիտության օվկիանոսում:

Ինձ հետաքրքրում են աստղերում տեղի ունեցող երևույթները : Ես փորձում եմ հասկանալ, թե տարբեր քիմիական էլեմենտների քանակությունը նրանցում ինչ ազդեցություն ունի ու ինչ պրոցեսների կարող է հանգեցնել, և թե արդյոք աստղերի բաբախումները կարող են մեզ որևէ բան հուշել նրանցում տեղի ունեցող երևույթների մասին:

Ասում են՝ ով ոչինչ չի հասկանում՝ բացի քիմիայից, նա քիմիան էլ հասկանում է բավարար: Արդյո˚ք այսօր, մասնագիտությունների նեղացման ճանապարհով գնալով, չենք սահմանափակում մեր կարողությունները՝ դառնալով ոչ թե գիտնական, այլ՝ արհեստավոր:

Այդ վտանգն անխոս առկա է այն մարդկանց համար, ովքեր միմիայն կենտրոնացած են միատեսակ աշխատանք անելու մեջ, բայց եթե դու խնդրին նայում ես տարբեր կողմերից, ուսումնասիրում ես միևնույն երևույթը տարբեր օբյեկտների համար, ապա այդ դեպքում քո առաջ բացվում է անհայտ կամ դեռևս չլուծված ու չբացահայտված խնդիրների անվերջ շարան, որ ուղղակի լճացման հանգեցնել չի կարող: Ճիշտ հակառակը, զարգանում է մտահորիզոնդ, ու բացահայտում ես գաղտնիքներով լի մի աշխարհ, որ ուղղակի անսահման է: Ու դու դեռ երկար ճանապարհ ունես դեգերելու այդ աշխարհում…

Կպատմե˚ս ֆրանսիական և հայկական համալսարանների դասավանդման տարբերությունների մասին:

Հայկական համալսարանների բակալավրիատում, ի  տարբերություն ֆրանսիական համալսարանների, մենք ստանում ենք բազային գիտելիքներ, որոնք, անշուշտ, շատ կարևոր են լայն մտահորիզոն ձևավորելու համար և հնարավորություն են ընձեռում ապագայում  բազմակողմանի զարգացած գիտնական դառնալու համար: Ցավոք, մագիստրոսական ծրագրերը թերի են, ինչն էլ, բնականաբար, բացասական ազդեցություն ունի երիտասարդների` որպես նեղ մասնագետ կայանալու հարցում : Իսկ, ի հակադրություն հայաստանյան բուհերի, ֆրանսիական համալսարաններում շեշտված է ուսուցման մեթոդիկայում: Լավ կլիներ, որ Հայաստանում դասավանդման պրոցեսում ավելի շատ կիրառվեին նորագույն տեխնոլոգիաները, քննարկումներ կազմակերպվեին գիտական վերջին հայտնագործությունների վերաբերյալ, ուսուցումն իրականացվեր նոր տպագրված գրքերով, իսկ ուսանողներին ավելի շատ մղեին ինքնուրույն աշխատանքի, ինչն արտասահմանում ուսուցման պրոցեսում ամենակարևոր տեղն է զբաղեցնում: Բացի դրանից, դրսում շատ ավելի ընկերական են դասախոս-ուսանող հարաբերությունները, ինչը նույնպես կարևոր է:

Որպես երիտասարդ գիտնական՝ ինչպիսի˚ն ես պատկերացնում քո ապագան Հայաստանում:

Ես անուղղելի լավատես եմ ու հավատում եմ, որ կգա ժամանակ, որ պետությունը կարժևորի գիտության դերը մեր կյանքում ու կավելացնի ֆինանսավորումը: Այդ դեպքում կարծում եմ, որ ո´չ միայն ինձ, այլ նաև բոլոր երիտասարդ գիտնականներին փայլուն ապագա է սպասում Հայաստանում: Համենայն դեպս, մենք ունենք այդ ներուժը, միայն հնարավորություններն են պակասում:

Սաադիի խոսքով՝ գիտնականն առանց աշխատությունների անպտուղ ծառի է նման: Երիտասարդ աստղաֆիզիկոսն արդեն հասցրե˚լ է հոդվածներ տպագել ազդեցության գործոն (ԱԳ)  ունեցող արտասահմանյան պարբերականներում:

Ունեմ տպագրված աշխատանքներ, բայց ոչ ԱԳ ունեցող արտասահմանյան պարբերականներում: Այժմ աշխատում եմ այդ ուղղությամբ և հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կհասցնեմ այդպիսի աշխատանքներ տպագրել:

Պատմիր քո գիտական գործունեության մասին:

Սկզբում զբաղվում էի արտագալակտիկ աստղագիտությամբ, այժմ` աստղերի ֆիզիկայով: Ուսումնասիրում եմ ֆրանսիական CoRoT արբանյակի ստացված տվյալները գլխավոր հաջորդականության ավելի սառն աստղերի համար, նրանցում տեղի ունեցող բաբախումներն ու փորձում հասկանալ դրանց տակ թաքնված ֆիզիկան:

Ի˚նչն է պատճառը, որ գիտության բնագավառում տղամարդիկ ավելի մեծ թիվ են կազմում, քան կանայք:

  Կարծում եմ, որ նորից պատճառը հասարակության ձևավորած կարծրատիպն է կանանց նկատմամբ: Շատերը վստահ են, որ կանայք պակաս խելացի են, քան տղամարդիկ, սակայն ես համակարծիք չեմ: Ըստ իս, ուղղակի խնդիրն այն է, որ տղամարդիկ, համենայն դեպս հայկական իրականության մեջ, ազատված են առօրեական հոգսերից և կարող են իրենց ամբողջապես նվիրել գիտությանը, այնինչ շատ հոգսեր իրենց ուսերին են կրում կանայք` շատ ավելի քիչ ժամանակ ունենալով զբաղվելու գիտությամբ: Բայց այսօրվա պատկերն էականապես տարբերվում է 70-ական թվականներից, որովհետեև եթե հետևենք վիճակագրական ուսում­նա­սիրությունների արդյունքներին, ապա կտեսնենք, որ Հայաստանում այժմ միջինում կին գիտնականների թիվը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է 30-40 տոկոս, ինչը վատ ցուցանիշ չէ: Կարծում եմ՝ շատ չանցած կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը գիտության մեջ կհավասարվի:

Պատկերացրու՝ դու ունես հայկական գիտական իրականությունում մեկ բան փոխելու հնարավորություն: Ի˚նչը կփոխես:

Հասարակության և պետության վերաբերմունքը գիտության հանդեպ: Կարծում եմ, որ մնացած խնդիրները դրանից են բխում:

Ասում են՝ հաճախ ուտոպիաները միայն ժամանակից շուտ արտահայտված ճշմարտություններն են…

Նունե Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031