Կապանի տարածաշրջանի 6 հասարակական կազմակերպություններ պատրաստվում են այսօր դիմել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Իլյա Գարկովին, որպեսզի տնօրենը տա իր համաձայնությունը՝ կազմակերպությունների նախագահների շրջայց կատարել արտադրական տեղամասերում` ընկերության համապատասխան մասնագետների ուղեկցությամբ:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ Սյունիքի մարզային մասնաճյուղի, «Կայուն զարգացում» հկ, «Ազատամարտ» կոմիտեի, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հկ, Կապանի Օրհուս կենտրոնի, «Իրավական հասարակություն» հկ ներկայացուցիչները մտադիր են ծանոթանալ կոմբինատի արտադրական գործընթացներին, բնապահպանական խնդիրներին, աշխատակիցների աշխատանքային պայմաններին:
«Քանի որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն համարվում է Կապանի ամենախոշոր և սոցիալական կայունություն ապահովող ընկերությունը, բնականաբար այն չի կարող դուրս մնալ հանրության և հասարակական կառույցների ուշադրությունից: Նախաձեռնությունը նպատակ ունի համագործակցության եզրեր գտնելու ընկերության հետ, վեր հանելու եւ համատեղ լուծելու ընկերությունում առկա եւ համայնքի հետ անմիջականորեն առընչվող խնդիրները»,– տեղեկացնում է «Կայուն զարգացում» հկ նախագահ Արմեն Փարսադանյանը:
Հասարակական կառույցների այս նախաձեռնությանը արձագանքել են լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ պատրաստակամություն հայտնել մասնակցելու շրջայցին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ