«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն Aravot.am-ի հարցին՝ «Ազատ դեմոկրատների» համագումարին եկել է քաղաքավարությունի՞ց ելնելով, որովհետեւ հրավիրված է, թե՞ առաջին ձեռքից իմանալու այդ կուսակցության մտադրությունների ու առաջիկա ընտրություններին նրա մասնակցության ձեւի մասին, ասաց. «Եվ առաջինը, որովհետեւ նրանք իմ լավ ընկերներն են, նրանց մի մասն ինձ հետ բանտում նստած են եղել: Երկորդ տարբերակը՝ ոչ, որովհետեւ ես շատ լավ պատկերացնում եմ, թե նրանք ովքեր են ու ինչ են ուզում, եւ դրան նորմալ եմ վերաբերվում, եւ երրորդ՝ ես մի քիչ այլ նպատակ էլ եմ հետապնդում, որովհետեւ մենք եւ ազատ դեմոկրատները աշխարհաքաղաքական տարբեր բեւեռներից ենք: Ես ուզում եմ լսել իրենց փաստարկները, ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են տեսնում աշխարհաքաղաքական զարգացումները ապագայում, որովհետեւ այդ ամենն ինձ հետաքրքիր է: Չէ՞ որ այս ուժն ավելի արեւմտամետ է, եւ ինձ հետաքրքիր է, թե իրենք ինչպես են տեսնում ապագան»:
ՆԺԿ առաջնորդը միաժամանակ հավելեց, թե աշխարհաքաղաքական հարցերում ինքն իր տեսակետն ունի, եւ կարծում է, որ դեռ երկար ժամանակ Հայաստանը մնալու է Ռուսաստանի ուղեծրում, եւ Արեւմուտքը մեզ չի էլ ուզում ինտեգրել, ուղղակի չի ուզում: «Պարադոքս է, բայց այդպես է»,- հայտարարեց Արամ Կարապետյանը:
Մեր հարցին, թե ազատ դեմոկրատները՝ որպես նորաստեղծ ուժ, շանս ունե՞ն առաջիկա ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան մտնել: «Ես դրա շուրջ չէի ցանկանա խոսել, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ շատ ուրախ կլինեմ, եթե անցնեն: Իմ տպավորությամբ իրենք կարող են անցնել միայն դաշինքով»,– կարծիք հայտնեց ՆԺԿ նախագահը:
Կարդացեք նաև
Իսկ ահա համագումարին ուղղված իր ողջույնի խոսքում Արամ Կարապետյանն ասաց, թե շատ կուզեր, որ ազատ դեմոկրատները Հայաստանում զարգացնեն ազատությունն ու դեմոկրատիան ու նաեւ մաղթեց. «Դուք ընտրություններին մասնակցելու եք: Աստված տա՝ հաղթեք: Եթե այնպես ստացվի, որ ընտրություններն անցնեն այնպես, ինչպես միշտ՝ մենք ձեզ կսպասենք փողոցում»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ