Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարի բանաձեւ

Մարտ 16,2012 15:59

  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին եւ նպատակներին` արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ հնարավոր ուղղությունը Եվրոպական տիպի ժամանակակից ժողովրդավարական սոցիալական պետության կերտումն է: Նման պետությունն արտացոլում է քաղաքացիական հասարակության շահերը, վերահսկվում է նրա կողմից եւ ապահովում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Հայաստանն այսօր վերստին գտնվում է բախտորոշ փոփոխությունների շեմին:
Հասարակության կյանքում ավելի են ուժգնանում զարգացումն արգելակող, կործանարար միտումները, որոնք նպաստում են երկրի աստիճանական անկմանը: Աճում է անկառավարելիությունը, երկիրը համակված է կոռուպցիայով, իշխանությունն ի վիճակի չէ լուծելու ամենակենսական` քաղաքացիների կենսապահովման եւ անվտանգության խնդիրները:
Բարեփոխումների հակաժողովրդավարական խեղաթյուրումները, քաղաքական համակարգի ձեւախեղումը հանգեցրել են հասարակության ապաարդիականացմանը, ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսության փոխարեն Հայաստանում ձեւավորվել է օլիգարխիային սպասարկող հետամնաց գավառական կապիտալիզմ: Նման համակարգում իշխանությունը չի կարող որեւէ լուրջ խնդիր լուծել ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական ոլորտներում:
Ուստի երկիրը չի զարգանում, տնտեսությունը լճանում է, քաղաքացիների եկամուտները բաշխվում են ծայրաստիճան անհամաչափ, եւ բնակչության մեծ մասն ապրում է քրոնիկ  աղքատության սահմանագծում:
Քայքայվում են կրթությունը, մշակույթը, գիտությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը, օր օրի ահագնանում է արտագաղթը:
Լուծում չեն ստանում եւ ավելի են խորանում բնապահպանական հիմնախնդիրները:
Կրթության համակարգի հետեւողական քայքայումը տանում է երիտասարդության մտավոր եւ բարոյական մակարդակի անկման, մինչդեռ այսօրվա երիտասարդության ակտիվությունից եւ հասարակական-քաղաքական որակներից ուղղակիորեն կախված են լինելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումները մոտակա տասնամյակներում:
Օլիգարխիկ ռեժիմը մշտապես խորացնում է իշխանության եւ հասարակության միջեւ առկա խզումը, զրկում է քաղաքացիներին ոչ միայն իշխանության ձեւավորման վրա ազդելու հնարավորությունից, այլեւ սահմանափակում է քաղաքացիների հիմնական ազատությունները:
Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր հիմնահարցն օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության բացակայությունն է: Օրենքի առջեւ բոլորի հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական իրավական պետության հիմնարար տարրն է եւ ունի կենսական նշանակություն:

Առանց իրավական պետության ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ:
Իրավական պետության բացակայությունը Հայաստանի զարգացումն արգելակող համակարգային պատճառն է:

Հայաստանում տեղի է ունեցել գիտակցված հրաժարում իշխանությունների իրական տարանջատման` ժամանակակից պետության կարեւորագույն սկզբունքից: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչները իրենք իրենց նույնացնում են պետության հետ եւ ներկայացնում են ոչ թե հասարակությունը, այլ մի փակ կորպորացիա, որը գործում է որպես մենաշնորհային եւ չվերահսկվող բիզնես- ընկերություն:
Գործադիր իշխանությունը չի վերահսկվում ոչ խորհրդարանի, ոչ դատական կամ դատախազության կառույցների, ոչ էլ` հասարակության կողմից:
Կեղծված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը ոչ թե ներկայացնում է հասարակությանը, այլ սպասարկում է նույն կառավարական կորպորացիային` ընդունելով մերձիշխանական խմբերի համար բարենպաստ պայմաններ ապահովող օրենսդրական ակտեր:
Արդյունքում` հասարակական շահերը պաշտպանող իրավական նորմերը հետեւողականորեն դուրս են մղվում օրենքներից` փոխարինվելով այնպիսի նորմերով, որոնք պաշտպանում են իշխող ռեժիմի խմբային շահերը:
Անհնարին է ունենալ ժամանակակից պետություն եւ իշխանությունների տարանջատում` առանց ազնիվ, թափանցիկ եւ արդար ընտրությունների: Սակայն հասարակությունն այդպես էլ չի դարձել  իշխանության ձեւավորման սուբյեկտ եւ ընտրությունները չի ընկալում որպես իշխանության ձեւավորման միակ լեգիտիմ մեխանիզմ:  Չինովնիկական ապարատն ամբողջությամբ տիրապետել է ընտրությունների մեխանիզմը եւ այն ծառայեցնում է իշխանության վերարտադրությանը:
Անկախության տարիներին Հայաստանին այդպես էլ չհաջողվեց ձեւավորել լիարժեք միջին խավ, իսկ դրա համար անհրաժեշտ ռեսուրսներն ուղղվեցին միանգամայն այլ սոցիալական խմբի` օլիգարխիայի (իշխանության հետ օրգանապես կապված գերխոշոր սեփականատերերի), ստեղծմանը: Պետության կառավարման կարեւորագույն լծակներն այսօր էլ մնում են օլիգարխիկ խմբերի ձեռքերում: Օլիգարխիան` «քչերի իշխանությունը», կարիք չունի, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ, ընդհակառակը` նրան անհավասարություն է պետք: Այդ իսկ պատճառով ընդունվում են որոշումներ, որոնք արգելակում են ժամանակակից միջին խավի՝ որպես իրական ժողովրդավարության եւ արդիականացման մեջ շահագրգիռ գլխավոր սոցիալական ուժի ձեւավորումը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի հասարակությունն ունի արդիականացման ներուժ եւ ի զորու է պատմականորեն կարճ ժամանակահատվածում կերտել ժամանակակից պետություն:
Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի փոխակերպման կարեւորագույն ուղղություններն են.

  • Անձի անվտանգության եւ անձեռնմխելիության անվերապահ ապահովում: Իրավապահ եւ դատական համակարգերի պատվիրովի եւ նպատակային օգտագործման, բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների եւ խոշտանգումների բացառման երաշխիքների ապահովում:
  • Օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության ապահովում, դատական համակարգի ամրապնդում, դրա անկախության  ապահովում:
  • Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատում: Իշխանությունը բիզնեսից տարանջատելու գործնականում խիստ եւ անզիջում քաղաքականության իրականացում:
  • Ընտրական օրենսդրության արմատական վերանայում, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրում: Ընտրակեղծարարության համար քրեական պատասխանատվության կոնկրետացում եւ մանրամասնում:
  • Եկամուտների աստիճանական վերաբաշխում` հօգուտ մարզերի, տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ապահովում, ռեգիոնալ եւ մունիցիպալ քաղաքականության սոցիալականացում: Սահմանամերձ շրջանների զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակում եւ իրականացում:
  • Համակարգային հակազդեցություն կոռուպցիային, ներառյալ` օրենսդրության մասշտաբային հակակոռուպցիոն շտկում: Պետական ապարատի հակակոռուպցիոն զտման իրականացում:
  • Սեփականության իրավունքի եւ դրա անձեռնմխելիության ամրապնդում: Տնտեսության եւ սեփականության կառուցվածքի աստիճանական, բայց անշեղ դիվերսիֆիկացում, իրավական մեթոդներով սեփականության համակենտրոնացման նվազեցում` օլիգարխիայից դեպի միջին եւ մանր սեփականատերերը ազգային ռեսուրսների հանդեպ հսկողության վերաբաշխման նպատակով:
  • Օլիգարխիկ տնտեսության փոխարեն` ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսություն ստեղծում:
  • Եկամուտների քաղաքականության շրջադարձ օլիգարխներից դեպի քաղաքացիներ, միջին եւ մանր բիզնես: Առաջիկա 15 տարիների համար բացառիկ բարենպաստ հարկային ռեժիմի սահմանում մանր եւ միջին բիզնեսի համար:
  • Լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձեւավորմանը: Մանր եւ միջին սեփականատերերի իրավազրկության  վերացում:
  • Սոցիալական պաշտպանության եւ բնակչության սոցիալական ապահովության գործուն համակարգի ձեւավորում:
  • Պետական քաղաքականության էկոլոգիզացիա:
  • Քաղաքացիական հասարակության ազատագրում, դրա զարգացմանը խոչընդոտող վերջին տարիներին հաստատված բոլոր սահմանափակումների վերացում, քաղաքացիական ոչ առեւտրային կազմակերպությունների, ազատ արհմիությունների  զարգացման օրենսդրական արգելքների վերացում, քաղաքացիների` հավաքների, ցույցերի, երթերի, գործադուլների եւ բողոքի այլ միջոցառումների ազատության Սահմանադրական իրավունքի իրագործում:
  • Քաղաքական, հասարակական, մասնագիտական ոլորտներում նոր, տաղանդավոր, արհեստավարժ, անկախ մարդկանց մասնակցության աստիճանական, բայց նպատակամետ աճ, որոնք կոչված կլինեն փոխարինելու գորշ, ամեն ինչի հետ համակերպվող «լճացման էլիտային»: Պետական ծառայողների նոր սերնդի ձեւավորում:
    • Հասարակության եւ պետության ապախորհրդայնացում: Ամբողջատիրական անցյալի հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ` անհրաժեշտ է հասարակական գիտակցությունից դուրս մղել ստրկացնող բարդույթները, սովորությունները եւ կարծրատիպերը:

Սրանք են այն սկզբնական քայլերը, որ պետք է իրականացվեն Հայաստանի արդիականացման եւ ժամանակակից ժողովրդավարության ամուր հիմք ստեղծելու համար:

Արտաքին քաղաքականության ոլորտում` հակամարտությունների խաղաղ կարգավորում, մրցունակ, ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ դեր, միջազգային կառույցներին ինտեգրված և բարձր հեղինակություն ունեցող պետության կայացում` հետեւյալ գերակայություններով.

  • Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու գրավականը ԼՂՀ իշխանությունների մասնակցությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում: Կուսակցությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավական ամրագրման օգտին: Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ապահով սահման Հայաստանի Հանրապետության հետ, պետք է ինքնուրույն մշակի եւ իրականացնի իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ ինքնուրույն մասնակցի Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգության համակարգերին:
  •  Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ: Այս համատեքստում անհրաժեշտ է վերանայել 2009թ. օգոստոսի 31-ին Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված Հայ-Թուրքական արձանագրությունները: Թուրքիան պետք է դադարեցնի իր կողմից իրականացվող թշնամական գործողությունը` բացելով սահմանը եւ վերացնելով Հայաստանի շրջափակումը: Կողմերը պետք է առանց նախապայմանների ստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն, ինչը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համապարփակ զարգացման համար:
  • Հասնել տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի գործուն ներգրավմանը, համագործակցության ու անվտանգության նախաձեռնությունների կենսագործմանը, քաղաքական, տնտեսական և հաղորդակցական ծրագրերին մասնակցությանը:
  • Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը:

Նշված մարտահրավերներին դիմակայելու վճռականությամբ  «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը որոշում է` մասնակցել 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031