Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից
(նստավայրը` Իջեւան) տեղեկացանք, որ մարտի 16-ին իրենց թեկնածությունն առաջադրել են եւս 2-ը` Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանը եւ անկուսակցական Սպարտակ Հարությունյանը:
Մինչ այդ ՀՀԿ-ն եւ Հայաստանի մարքսիստական կուսակցությունը առաջադրել էին վերջերս հանրապետական դարձած Հակոբ Հակոբյանի («Երեւանի գարեջուր»ՓԲԸ խորհրդի նախագահ, թիվ 41 ընտրատարածքից գործող պատգամավոր) եւ մարքսիստ Դավիթ Հակոբյանի թեկնածությունը:
Նյութը գրելու պահին Սպարտակ Հարությունյանը դեռ պաշտոնապես թեկնածու չէր առաջադրվել, նա առաջադրվելու համար նոտարի մոտ փաստաթղթերի վավերացում էր կատարում: Թիվ 41 ԸԸՀ-ում, մեր հանդիպման ժամանակ, պարոն Հարությունյանն ասաց, որ ինքը 1991թվականից մինչեւ 2002թվականը ղեկավարել է Բերդի ադամանդագործական «Թագազարդ» ձեռնարկությունը: Նրա խոսքերով` 2002-ին կառավարությունը պետական այս ձեռնարկությունը անսպասելի կերպով վաճառել է այլ անձի:
Վահե Վարդապետյանն առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք` Վահե Վարդապետյանը թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանի ամուսինն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ