«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը կուսակցության համագումարում ունեցած իր ելույթում անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին՝ ասելով, որ այդ ընտրություններին մասնակցելն ու հաղթելը կուսակցության դավանած գաղափարների իրականացման լավագույն եւ բնականոն ճանապարհն են։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ որպես ազատական եւ դեմոկրատական ուժ, ընտրությունների միջոցով ՀՀ իշխանության ձեւավորմանը մասնակցելու ուղին համարում է ամենագերադասելին եւ միակ ճանապարհը օրինական իշխանություն ձեւավորելու համար։ Այդ իսկ պատճառով մենք ամենայն պատասխանատվությամբ ենք պատրաստվում մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ որպես մրցունակ, ազատական եւ դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական բեւեռ:Միեւնույն ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք պատրաստ ենք հանդես գալ նաեւ գաղափարական նույն նպատակները հետապնդող այլ քաղաքական ուժերի հետ միասին:Այդ համատեքստում է, որ մենք ցանկանում ենք «Ժառանգություն» կուսակցության հետ կազմել արդար միություն` դաշինք: Դաշինք, որի ձեւավորման հասարակական պահանջարկը, մեր խորին համոզմամբ, վաղուց է հասունացել:
Դաշինք, որը կլինի իրավահավասար, ազատ եւ ժողովրդավարական:Մենք պետք է ունենանք քաղաքական կա’մք, համարձակությո’ւն, եղբայրաբար ձեռք սեղմենք` դրանով իսկ հիմք դնելով որակապես նո’ր քաղաքական մշակույթի ձեւավորմանը: Մենք գտնում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն իրապես այն ուժն է, որն ազնիվ է իր նպատակների մեջ, իր գործունեության մեջ համահունչ է ժամանակի պահանջներին, ուժ է, որը ռեալ գիտակցում է համաշխարհային զարգացումները եւ դրանց արձագանքելու անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը: Ուստի, մեր երկու ուժերի միավորումը եւ հեռանկարային երկարատեւ գործունեությունը կարող է իրապես հանեգեցնել երկրում ոչ թե ձեւական, այլ բովանդակային լուրջ փոփոխությունների: Իսկ փոփոխություններն անխուսափելի են»,- հայտարարեց Քոքոբելյանը:
Նա իր խոսքը եզրափակեց նրանով, որ շնորհակալություն հայտնեց իր կուսակիցներին՝ ասելով. «Վաղը մենք հաղթելու ենք հանուն մեր գաղափարների, նպատակների իրականացման եւ մեր երկրում բարեկեցիկ եւ արժանապատիվ ապրելու համար»։
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ