ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին
ԴԻՄՈՒՄ
Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթն արժանացել է բազմաթիվ կազմակերպությունների, փորձագետների ու պատգամավորների լուրջ քննադատությանը, անհասկանալի պատճառներով արագացվել է դրա ընդունման գործընթացը: Արդյունքում, ս.թ. փետրվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը և կայացրել է որոշում երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ երրորդ ընթերցմամբ քննարկումը` երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Անհանգստության տեղիք է տալիս նման օրինագծի շուտափույթ ընդունումը ս.թ. մայիս ամսին նախատեսվող խորհրդարանական ընտրութոյւնների շեմին` հիշողության մեջ դեռևս ունենալով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերը, որոնք տեղի են ունեցել ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական միջամտությամբ:
Թեև ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության եզրակացության համաձայն վերը նշված օրինագիծը «համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը», սակայն «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամների և փորձագետների գնահատմամբ այն հակասում է մարդու հիմնարար իրավունքներն ամրագրող ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին և հնարավորություն է ստեղծում օրենքով (ստատուտով) սահմանված կարգով զինված հեղաշրջում իրականացնելու համար: Հիմնական մտավախությունները հետևյալն են`
Կարդացեք նաև
նշված օրինագծով սահմանված չեն այն իրավիճակները, որոնք կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու համար, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և օրենքի դրույթները կամայական մեկնաբանելու ու կիրառելու հնարավորություն ստեղծում.
օրինագծի 9-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:
ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի 1-ին մասը սահմանում է` «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, և կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, և որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:
ՀՀ Սահմանադրության վերոնշյալ դրույթների վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմի, ինչպես նաև ռազմական դրության հայտարարելու դեպքում: Զինված ուժերի խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից, իսկ ներպետական քաղաքական հարցերի կարգավորման համար նրանք որևէ կերպ չեն կարող օգտագործվել: Հետևապես, օրինագծի բոլոր այն դրույթները, որոնք նախատեսում են Հայաստանի զինված ուժերի օգտագործում արտակարգ դրության ժամանակ, հակասում են ՀՀ Սահմանադրությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի շուրջ ծավալված հակասական գնահատականներն ու առաջիկա ընտությունների հետ կապված մտահոգությունները` պահանջում ենք մինչև փաստաթղթի երկրորդ ընթերցմանն անցնելը կազմակերպել խորհրդարանական լսումներ` հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն