Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ քաղխորհրդի անդամ. «Ես ձեր բոլորին շաղ եմ տալիս իմ կաշառքը` որպես ջերմ վերաբերմունք»

Մարտ 16,2012 14:43

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենց համագումարում հաստատելու են նախընտրական ծրագիրը եւ հրապարակելու են կարգախոսը: Հարցին՝ ենթադրվում է համագումարին Ռոբերտ Քոչարյանին չեք հրավիրելու, ինչո՞ւ` պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Կազմկոմիտե գոյություն ունի, որը զբաղվում է համագումարի աշխատանքներով: Ե՛վ բովանդակային մասով, ե՛ւ տեխնիկական, կազմակերպչական` այնտեղ կան ավելի կոմպետենտ մարդիկ: Ես կազմակերպչական հարցերի մեջ ներգրավված եմ մի ուղղությամբ, որը դրա մեջ կապ չունի: Իմ անձնական կարծիքով` հրավիրվում են մարդիկ կամ չեն հրավիրվում` որոշակի նպատակահարմարությունից ելնելով: Այդ նպատակահարմարության մեջ կարող է լինել այն ամենը, ինչ կարող եք դուք պատկերացնել` վառ երեւակայությանը զարկ տալով»:

Համագումարից հետո կհրապարակվի նաեւ համամասնական ցուցակը, որտեղ, ըստ Ուրիխանյանի «կլինեն ճանաչված, հարգված մարդիկ, որոնք համապատասխանելու են իրենց ռեզյումեներով, կենսագրականով, արած-չարածով եւ անելիքով, մարդկային հատկանիշներով»: Aravot.am-ի հարցին, թե ԲՀԿ ցուցակում քանի՞ բիզնեսմենի կարող ենք տեսնել` Տիգրան Ուրիխանյանը դա բացառեց` ասելով. «Կարող են լինել սեփականատերեր տարբեր հիմնարկների, կոմերցիոն կազմակերպությունների, բայց զբաղվել նրանք բացարձակապես չեն կարող, չեն կարողանալու եւ իրավունք էլ չեն ունենալու: ԲՀԿ-ն հայտնի է նրանով, որ շատ խիստ հսկողություն է իրականացնում` կադրային ռեսուրսի հարցում»:

2007-ի ընտրություններին ԲՀԿ-ն ուներ 330 հազար անդամ, բայց ստացավ ավելի քիչ ձայն, ուստի լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է նման անակնկալ էլի լինի` Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Կուսակցության գրասենյակները կարող են ներքին փաստաթղթաշրջանառության մեջ սխալվել: Ամեն բան հնարավոր է, բայց ԲՀԿ-ն այն կուսակցությունը չէ, ինչ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ԲՀԿ-ն հիմա փորձառություն ունեցող քաղաքական ուժ է: ԲՀԿ-ն դարձել է այլընտրանք` քաղաքական կազմակերպությունների հանդեպ հանրային ընկալմանը»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ շատ է խոսվում ընտրակաշառքներից, այդ թվում` ԲՀԿ-ի կողմից, օրինակ, մարտի 8-ին կանանց նկատմամբ այդքան ջերմ վերաբերմունքը եւ այդքան ծաղիկները 2011-ին է՞լ կար, թե՞ միայն այս տարի` բանախոսը պատասխանեց. «Եթե ջերմ վերաբերմունքը կանանց հանդեպ կաշառք է, ապա ես ձեր բոլորին շաղ եմ տալիս իմ կաշառքը` որպես ջերմ վերաբերմունք»: Այսինքն` ծաղիկը կաշառք չէ՞` պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Կաշառքը լինում է ինչ-որ բանի դիմաց: Մարտի 8-ին մենք ինչ-որ բա՞ն էինք ակնկալում կանանցից: Իհարկե, դա տեղի է ունեցել 2011-ին, 10-ին, 9-ին, 8-ին, 7-ին` ավելի մեծ քանակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031