Կոչ բոլոր քաղաքացիներին՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը
Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը և դրա
վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք
վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը: Մաշտոցի
պուրակում կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով,
որի վերաբերյալ մենք տվել ենք հանգամանալից իրավական հիմնավորումներ: Այս
պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի
քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել: Անընդունելի ենք
համարում մշտական և ժամանակավոր եզրույթների նման շահարկումը:
Մեր պահանջը հստակ է՝ կառուցված շինություններն անհապաղ ապամոնտաժել՝
Մաշտոցի պուրակը պահպանելով և բարեկարգելով որպես հանրային կանաչ գոտի:
Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրանով
Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց և փորձեց լեգիտիմացնել
քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի
անձանց մասնավոր շահը և ոտնահարեց հանրային շահը:
Կարդացեք նաև
Մաշտոցի պուրակի պաշտպանությանն ուղղված մեր օրինաչափ գործողությունները
շարունակվելու են մինչև խնդրի իրավական հանգուցալուծումը՝ հօգուտ
հանրային շահի: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ
պաշտպանելու Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը:
Միաժամանակ պահանջում ենք պատկան մարմիններից բացահայտել և
հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկել մարտի 14-ի երեկոյան
ոստիկանության կողմից այգում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող
խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հրաման տված
պաշտոնյաներին և հրամանը կատարող ոստիկաններին:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն