Դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Գոռ Վարդանյանի՝ 2005թ.-ին նկարահանած «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմը կցուցադրվի վաղը՝ Հանրային հեռուստատեսության եթերում: Ղարաբաղի մասին պատմող այս ֆիլմը դեռեւս 2007թ.-ին մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող «Մեթոդֆեստ» կինոփառատոնին եւ հաղթող ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց իր բոլոր ֆիլմերի գլխավոր հերոս Գոռ Վարդանյանը՝ «Մենք նպատակադրվել ենք ոչ թե գումար աշխատել, այլ եկող սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն: Այդ կերպ մեր երեխաներն էլ ավելի կսիրեն մեր երկիրը եւ սիրով կգնան զինծառայության»:
300 հոգանոց դերասանական կազմով, 3 մլն 800.000 դրամ բյուջեով ֆիլմում օգտագործված է ծանր զրահատեխնիկա. նկարահանման ընթացքում կրակվել է 15.000 փամփուշտ:
Սցենարիստ Մարինե Սարգսյանի ներկայացմամբ՝ ֆիլմը ներկայացնում է ոչ միայն գլխավոր հերոսի, այլ ժամանակի սերնդի ճակատագիրը. «Առաջին հերթին ուզում ենք ցույց տալ սերունդների միջեւ պահպանված կապը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն էլ անցել է պատերազմի միջով եւ ապրել այդ վիշտը: Իմաստն այն է, որ պատերազմը չպետք է կրկնվի»:
Բեմադրող ռեժիսոր Վահե Խաչատրյանի խոսքով՝ մեծ էր ամերիկացիների հետաքրքրությունը ֆիլմի հանդեպ. «Հարցնում էին, թե որոնք են Ղարաբաղյան պատերազմի պատճառները: Այդպես հասկացանք, որ մեզ սատար կանգնողներ կան»:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, «Ճակատագիրը» չի արժանացել Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության ժյուրիի հավանությանը: «Ինձ համար դա անհասկանալի էր եւ զարմանալի, ու ես պարզապես արհամարհում եմ այդ վերաբերմունքը»,-ասաց Գոռ Վարդանյանը, իսկ Վահե Խաչատրյանը հավելեց, որ ֆիլմը հանդիսատեսի համար է. «Վերջիվերջո, պատերազմին կարելի է մասնակցել թե գաղափարապես, եւ թե ֆիզիկապես: Հայկական կինոն ներկայումս միջին մակարդակի վրա է եւ «շեդեվրներ» չի ստեղծում»:
Բանախոսները տեղեկացրին, որ ԱՄՆ-ում «Ճակատագիրը» հանդիսատեսին ստիպել է արցունքն աչքերին դիտել. «Մեթոդֆեստ» մրցույթի ժամանակ մեկին ինֆարկտ էր խփել, եւ շտապօգնությունը տարավ նրան»,-ասաց Գ. Վարդանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ