Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերից զգացվում է, որ միայն Հայաստանը չի դժգոհ ՖԻԼԱ-ի վարած քաղաքականությունից, հատկապես ամենապատասխանատու մրցումներում անարդար մրցավարությունից: Սա նորություն չէ, եւ այս ամենի գլխին, անկասկած, կանգնած է միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին:
Եվրոպայի վերջին առաջնությունում խայտառակ կողմնակալ մրցավարությունից հետո, որտեղ որակազրկվեց Եվրոպայի անցած տարվա լավագույն ըմբիշ ճանաչված մեր օլիմպիական գլխավոր հույսերից մեկը՝ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, դեռ հայտնի չէ, թե ՖԻԼԱ-ի գործկոմը նրա համար ինչ ժամկետ կսահմանի: Ավելին, առջեւում դեռ պատասխանատու վարկանիշային մրցաշարերն են, որոնք, թերեւս, հիմա ավելի կարեւոր են, քան մայրցամաքային այսօրվա մեդալները: Ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանցում էլ «ոչ յուրայինների» զտումը չի շարունակվի: Հետեւաբար, օրակարգային է դարձել անարդարությունների դեմ հնարավորինս շուտ պայքարելու եւ ազնիվ մրցապայքար ապահովելու անհրաժեշտությունը:
Մեր պատկերացմամբ՝ դրա լավագույն տարբերակը Ռաֆայել Մարտինետիին ՖԻԼԱ-ի նախագահի պաշտոնից շուտափույթ հեռացնելն է եւ նրա սահմանած «խնամի-ծանոթ-բարեկամ» թայֆայական հարաբերությունների վերացումը: Բայց դա հեշտ գործ չէ, եթե չասենք՝ այս պահին անիրագործելի: Լավագույն տարբերակն այն կլիներ, որ մշտապես տուժող ազգային ֆեդերացիաները եւ երկրների ԱՕԿ-ները միավորվեին ու պահանջեին Մարտինետիի հրաժարականը: Բայց դա ներկայումս հնարավոր չէ ժամանակի սղության պատճառով, որովհետեւ բոլորն էլ հիմա զբաղված են վարկանիշային մրցաշարերին եւ բուն օլիմպիական խաղերին նախապատրաստվելով: Իսկ եթե ինչ-որ մեկը միայնակ այդ գործընթացը նախաձեռնի, դրանից սեփական վտանգի հավանականությունն ավելի մեծ է, քան ընդհանուր գործի հաջողությունը:
Մնում է վերջին տարբերակը՝ մարզական արդյունքների եւ քառամյա ցիկլի ողջ ընթացքում պետական բյուջեներից, ինչպես նաեւ ազգային ֆեդերացիաների, օլիմպիական կոմիտեների ներդրածած նյութական միջոցների եւ ջանքերի հավանական կորստի գնով սպասել օլիմպիական խաղերի ավարտին, որից հետո, որքան տեղյակ ենք, կայանալու են ՖԻԼԱ-ի ղեկավար կազմի նոր ընտրություններ:
Կարդացեք նաև
Ու կրկին հարց է, թե ղեկավարության փոփոխություն կլինի՞:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ