Կամ արաբները կողջունեի՞ն այն փաստը, եթե իրենց հարսանյաց ծեսերին, որպես վարձու նվեր, մի հայուհի «Գորանի» պարեր:
Ժողովուրդները միմյանց կապվում եւ տարբերվում են մշակույթներով, որոնց կարեւորագույն մասն են կազմում ազգային ավանդույթներն ու տոնակատարությունները: Հարսանիքն, օրինակ, սիրո տոն է, սիրո թեման առավել ամբողջական եւ հատկանշական ներկայանում է հարսանյաց ծիսակատարության ժամանակ: Պարտադիր չէ ազգագրագետ լինել՝ հասկանալու համար այն թափանցիկ ճշմարտությունները, որոնց ականատես եմ եղել՝ մասնակցելով հատկապես սասունցիների հարսանյաց հանդեսներին:
Հայոց հարսանիքները նախ եւ առաջ առանձնանում են թեմատիկ երգերով ու պարերով, օրինակ՝ «Հարս եմ գնում, տանից հեռանում,/Տասնյոթ տարեկան, նանի ջան, սիրո տիրանում»: Հարսանեկան ծիսակատարության յուրաքանչյուր հատված մի ինքնատիպ թատրոն է՝ իր բովանդակությամբ ու մեկնությամբ: Օրինակ, փեսայի ընկերները իրենց դանակները զարդարում են սիրո խորհրդանիշ կարմիր խնձորով ու անուշեղենով: Աղջկա ընկերուհիներն ու կնքամայրը հատուկ արարողակարգով ու երգերով հագցնում են հարսանեկան զգեստը, այդ ընթացքում հարսի եղբայրը թաքցնում է քրոջ ոտնամանը, որպեսզի իրենց տնից նա չհեռանա, եւ վերադարձնում է ներկաների թախանձագին խնդրանքով, այն էլ նվեր ստանալուց հետո միայն: Ապա փեսան ուսն ի վար կարմիր-կանաչ շղարշը (կոզբանդ) խաչաձեւ կապած, ընկերների ուղեկցությամբ գալիս է հարսի մոտ, քողը ետ է տանում, եւ թեւանցուկ դուրս են գալիս: Հավաքվածները նրանց ուղեկցում են՝ «Մի բարձի ծերանաք» մաղթանքով, գլխավերեւում չիր, չամիչ, ընկույզ, ցորեն են շաղ տալիս, ասելով՝ «Համով ապրեք եւ պտղաբերեք»: Տղայի տան մուտքի առջեւ ափսեներ են կոտրում՝ չարը խափանելու համար եւ վայելում սկեսրոջ հրամցրած մեղրը՝ նույն գդալով: Նորապսակների ուսերին գցում են լավաշ հաց: Շատ գեղեցիկ խորհուրդ կա նաեւ այն սովորույթի մեջ, երբ հարսը չի նստում այնքան ժամանակ, մինչեւ չստանա սկեսրոջ նվերը, որից հետո հարսի գիրկն են տալիս գերդաստանի ամենափոքր երեխային եւ մաղթում՝ «Յոթը որդով սեղան նստեք»: Իսկ հարսանեկան խնջույքը վերածվում է ազգակցական կապերի ամրապնդման ու նոր բարեկամության հաստատման տոնի՝ առաջախոս-թամադայի կենացներով համեմված:
Վերջերս մասնակցելով մի քանի նորօրյա հարսանիքների, փորձում էի հասկանալ, արդյո՞ք իմ վերհուշերը հնաբույր ու հակագեղագիտական են կամ ժամանակավրեպ: Դժվարանում եմ հասկանալ ու հաշտվել այն իրողության հետ, թե մեր բոլորի աչքի առաջ այսօր ինչպիսի արմատազուրկ հարսանյաց միջոցառումներ են անում՝ առաջնորդվելով, ասենք, «Մարիոթում» կազմակերպված վարժանքներով, ըստ որի՝ հարսանիքն սկսվում է տանգոյով, առանձին դեպքերում աղջկա հայրը դստերը պարելով հանձնում է փեսային, մրցույթից դուրս մնացած ինչ-որ վարձու հաղորդավար դատարկամիտ ասույթներով կենացներն է «համեմում», չիմանալով, գոնե, կենաց բառի արմատն ու իմաստը:
Ապա ըստ սցենարի հայտնվում է զագսի «շրջիկ ծառայողը» եւ կեղծ պաթոսով ազդարարում՝ օրինական ամուսնությունը: Հետո կատարվում են «ծաղկեփնջի եւ այլ ատրիբուտների նետում» վարժությունները, տոնական տորթի կրեմի լղոզումները նորապսակների դեմքերին եւ նման այլ «ավանդույթներ»: Ի դեպ, մեր ազգային սովորույթներից առայժմ իր բարձրության վրա է խորովածի մատուցումը, այն պարագայում, երբ հավուր պատշաճի չի հարգվում անգամ Հայ առաքելական եկեղեցու կարգը՝ Սուրբ պսակադրությանը հարսը ներկայանում է եվրոպական կամ արեւմտյան կիսամերկությամբ: Տեղին է հիշել Աճառյանի հայերեն արմատական բառարանում «Հարսն» բառի մեկնաբանությունը. առասպելական մի ոգի, հավերժահարս (բնիկ հայ բառ):
Իսկ անտանելի ու անըմբռնելի երգ-երաժշտությունը՝ «Ջա՜ն բալես, բալես» շարքից, ժամանակ առ ժամանակ համալրվում է մերօրյա վարձակալած աստղերի ֆոնոգրամային ներկայությամբ: Իսկ հետո, հետո… դե ի՞նչ հարսանիք առանց պորտապարի… Լույսերը մարում են, բացակա ժպիտով հաղորդավարը ներկաներին հորդորում է տրամադրվել, աթոռներից չընկնել, որովհետեւ… ներս է մտնում մուսուլմանական տարազով ու չադրայով Ջեյդի իմիտացիան, որը սեղան առ սեղան «պատվելով» շարժում է եղած-չեղածը, եւ, որոշ աշխարհ տեսած տղամարդիկ, իբր անտարբեր, «Ջերմուկ» են խմում, իսկ ճաղատների գլուխը քրտինքով է պատվում…
Չկարողացա պատկերացնել՝ արդյո՞ք նույն խանդավառությամբ արաբները կողջունեին այն փաստը, եթե իրենց հարսանյաց ծեսերին, որպես վարձու նվեր, մի հայուհի «Գորանի» պարեր… Անիմաստ է շարադրել այն ողջ սցենարը, որը մարտնչող տգիտությամբ հրամցվում է այսօրվա հարսանյաց արարողությունների ժամանակ՝ ինչ-որ տեղ նորապսակների պարտադրանքով ու քմահաճույքով, ինչ-որ տեղ՝ մեծերի հարկադրված աջակցությամբ, ինչ-որ տեղ էլ՝ «մեր բալկոնը ձեր բալկոնից բարձր ա» մրցարշավում հաղթող ճանաչվելու համար:
ՌԻՏԱ ՇԱՌՈՅԱՆ
Հ. Գ. Ես հեռու եմ այն մտքից, թե 21-րդ դարում տրեխներով եւ սոլերով հարսանիք պիտի անենք, բայց ուզում եմ հիշենք՝ աշխարհին հայտնի լավագույն մոդեռն ստեղծագործություններն արարվել են ազգայինի ու ավանդականի հիմքերի վրա եւ, ի վերջո, իզուր չէ ասված՝ «Ամենաազատ մարդը կանոններով ապրող մարդն է…»:
«Առավոտ» օրաթերթ