Լրահոս
Օրվա լրահոսը

«Խարակտերային» դերերի հանդեպ թուլություն ունեմ»

Մարտ 16,2012 13:52

Դերասան եւ օպերային երգիչ Արման Նշանյանը իրեն «փորձարկում» է Հայաստանում

Արման Նշանյանը իր ներդրումն է ունեցել Դոմինգոյին Հայաստան հրավիրելիս:

Կայացած արվեստագետների մեծամասնության մոտ շնորհների հիմնական «պատճառը» ընդունված է փնտրել ժառանգականության մեջ: Հեռուստահանդիսատեսին ծանոթ «Եղբայրներ» հոգեբանական թրիլերի գլխավոր դերակատարներից Արման Նշանյանի (Միքո) դեպքում ասվածը լիովին համապատասխանում է իրականությանը. նա հայ օպերային արվեստի նշանավոր դեմքերից մեկի՝ երգչուհի Աննա Նշանյանի թոռն է, դերասանուհի Շաքե Թուխմանյանի եւ դերասան, բեմադրիչ ու պրոդյուսեր Ժան Նշանյանի որդին: Գուցե միայն թատերարվեստի մարդկանց է հայտնի, որ տիկին Թուխմանյանը սերում է մի հրաշալի գերդաստանից, որի ներկայացուցիչներն են եգիպտական կինոյի աստղեր Մագդա, Փիրուզ եւ Ալիս քույրերը: Իսկ Արմանի դեպքում էլ՝ գուցե դարձյալ քչերը գիտեն, որ նա նաեւ օպերային երգիչ է. Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում հանդես է գալիս Պրունիերի դերերգերով Պուչինիի «Ծիծեռնակը» օպերային ներկայացման մեջ, անձնավորում Արթուրոյին՝ Դոնիցետիի «Լուչի դի Լամերմուրում» եւ Նեմորինոյին՝ «Սիրո ըմպելիքում»:

«Առավոտի» դիտարկմանը, թե երկու տարեկանից ապրելով ԱՄՆ-ում, ներկայումս սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, մինչդեռ շատերը ձգտում են կրթություն ստանալ դրսում, Արման Նշանյանը պատասխանեց, որ ուսանում է կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ դոցենտ Ռաֆայել Հակոբյանցի ղեկավարությամբ, հետո էլ մանրամասնեց. «Ուսում եմ առել հոլիվուդյան HOWARD FINE ACTING INSTITUTE, STELLA ADLER ACADEMY, ERIC MORISS ACTING INSTITUTE թատերական հաստատություններում եւ Նյու Յորքի Ալ Պաչինոյի ղեկավարած Լի Ստրասբերգի անվան ACTORS STUDIO-ում»: Վոկալի պարապմունքները 2004 թվականից սկսել է Վիեննայում, ապա շարունակել Երեւանում՝ անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ղեկավարությամբ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ 6 տարեկանից բեմ է բարձրացել ոչ միայն հայկական թատերախմբերում, այլեւ ամերիկյան թատրոններում: Նշեց ամերիկյան կինոյում խաղացած առայժմ միակ դերի՝ «Պալկոն եւ Հելշը» ֆիլմում Պալկոյի մասին (ռեժիսոր՝ Բրեդ Գարդներ): Կարոտով հիշատակեց լուսահոգի Տաթեւիկ Ղափլանյանի բեմադրությամբ Անահիտ Ջանիբեկյանի «Իմ անուշ տղաս» ներկայացման մեջ իր զբաղվածության մասին: Ռեպլիկին, թե մասնագիտությունների հարցում ավելի շատ տատիկի՞, թե՞ ծնողների գենն է գերակայում, Արմանն ասաց՝ երկուսինն էլ: Հայտնեց նաեւ, որ մտերիմ է աշխարհահռչակ այնպիսի օպերային աստղերի հետ, ինչպիսիք են Պլաչիդո Դոմինգոն, Մասիմո Ջորդանոն, Ռենատա Սկոտոն, Վլադիմիր Չերնովը եւ այլք: Արման Նշանյանը հավաստիացրեց, որ ժամանակին Դոմինգոյի երեւանյան համերգի կայացման հարցում իր լուման էլ կա, քանի որ իր միջոցով են կապ հաստատել նրա հետ: Ինչ վերաբերում է «Եղբայրներ» սերիալում իր մասնակցությանը, արվեստագետը պատմեց. «Մեղավորները» հեռուստասերիալի երեւանյան նկարահանումներին մասնակցում էր նաեւ մայրս եւ այդ օրերին հենց ինքն է իմ լուսանկարը տրամադրել նոր հեռուստասերիալի համար հայտարարված ընտրությանը: Նա ինձ դրա մասին չէր էլ ասել եւ միայն ծանոթանալով ապագա հերոսիս, համաձայնեցի խաղալ զուտ այն պատճառով, որ դա «խարակտերային» է, իսկ ես թուլություն ունեմ նման դերերի հանդեպ»: Մեր զրուցակցին փոխանցեցինք, որ «Եղբայրներում» Միքոյի դերակատարման մասին մասնագետների կարծիքները միանշանակ չեն. ոմանք գտնում են, թե դերասանը չափից ավելի է տրվել կերպարին: Այս առիթով Արման Նշանյանն ասաց. «Ալ Պաչինոն հավատարիմ է Լի Ստրասբերգի եւ Կոնստանտին Ստանիսլավսկու, որոնք ժամանակին միասին ուսանել են Փարիզում, այն մտքին, որ պետք է ոչ թե խաղալ, այլ վերապրել: Ասեմ նաեւ, որ ես աշխարհի 500 այն դերասաններից եմ, որոնք ցմահ անդամակցության իրավունք ունեն Լի Ստրասբերգի անվան դերասանական ստուդիային, որտեղ ժամանակին կրթվել են Մերիլին Մոնրոն, Դե Նիրոն, Մարլոն Բրանդոն եւ այլ աստղեր»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031