Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում (ավագ քննիչ՝ Կ. Մկրտչյան) Սիրանույշ Սահրադյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդան Նիկողոսյանի նկատմամբ:
2-րդ կարգի հաշմանդամ, 62-ամյա Սիրանույշ Սահրադյանը ճանաչվել է տուժող:
Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին, ժ. 09.30-ի սահմաններում, Երեւանի Հր. Ներսիսյան 10 ա հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակ է գնում Սիրանույշ Սահրադյանը: Նա քաղաքացիական գործով պայմանագիր էր կնքել փաստաբան Վարդան Նիկողոսյանի հետ, եւ ինչպես ինքն է պատմում՝ ցանկանում էր իմանալ, թե փաստաբանը վերաքննիչ դատարանի հետ կապված իր գործով ինչ դիրքորոշում ունի: Թոշակառուն փաստաբանին վճարել էր 90 000 ՀՀ դրամ: Սակայն փաստաբանի եւ իր վստահորդի միջեւ գումարի հետ կապված վեճ է սկսվել:
«Փաստաբանը կրկին գումար պահանջեց, որից հրաժարվեցի: Նա վերցրեց իմ փաստաթղթերը, փորձեց պատռել: Երբ ես ուզեցի կանխել, նա հարվածեց գլխիս, դեմքիս, ինչից ուշագնաց եղա: Աչքերս բացել եմ, երբ քիթս արյունահոսում էր, նա ինձ իր սենյակից դուրս էր հանել, ջուր էր լցնում վրաս: Երբ ուզեցի բարձրանալ, նա ինձ աստիճաններից ոտքով գլորեց ցած»,- պատմում է տուժող Ս. Սահրադյանը:
Կարդացեք նաև
Ս. Սահրադյանը մեկ շաբաթ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ նրանից բացատրություն է վերցնում նաեւ ոստիկանության քննիչը:
Ըստ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի կողմից տրված հիվանդության պատմագրի, հիվանդը գտնվել է նյարդավիրաբուժական բաժանմունքում:
Տուժողը ենթարկվել է լաբորատոր եւ գործիքային հետազոտման: Քթոսկրի կոտրվածք չի հայտնաբերվել, ոսկրա-տրավմատիկ փոփոխություններ նույնպես չեն եղել: Ըստ այդմ ախտորոշվել է. «լարվածության ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճան, կրիզային ընթացքով»: Իսկ թիվ 3 կլինիկական հիվանդանոցի էպիկրիզի համաձայն՝ ախտորոշվել է. «գանգոսկրի հետվնասվածքային ոսկրային դեֆեկտ գագաթ-քունքային հատվածում»:
Ս. Սահրադյանը մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ, ստացել խորհուրդներ, բուժօգնություն եւ ապա լավացած դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մարմնական վնասվածքները դիտվել են թեթեւ: Հարուցվել է քրգործ, ինչի արդյունքում նախատեսում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանք կամ՝ կալանք երկու ամիս ժամկետով:
Այս գործի նախաքննությունը դեռ շարունակվում է, թոշակառու կնոջ հոգեկան խռովքը՝ նույնպես: Նա դիմել էր ՀՀ փաստաբանների պալատին՝ Վարդան Նիկողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը պատասխանել էր. «Ձեր դիմումը կրում է փաստաբանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդման բնույթ: Եթե իրական է, որ փաստաբանը ձեզ ծեծի է ենթարկել, որի հետեւանքով դուք նաեւ բուժվել եք հիվանդանոցում, ապա այդ մասին հաղորդում կարող եք ներկայացնել դատախազություն կամ ոստիկանություն:
Փաստաբանների պալատը հանցագործության դեպքեր քննարկելու իրավասություն չունի, որի պատճառով ձեր դիմումը թողնվում է առանց հետեւանք»:
Այն թվագրված էր 17.11.
2011թ: Այսինքն՝ այն ժամանակ, երբ 10 օր առաջ արդեն իսկ առկա էր քրեական գործը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Տուժողը հուզվեց եւ խնդրեց իրեն չլուսանկարել:
«Առավոտ» օրաթերթ