Լրահոս
Օրվա լրահոսը

Քնաբաններն ահազանգում են. խռռացնելն ու անքուն մնալը վնաս է

Մարտ 16,2012 13:45

Մինչ հայերը քնած ժամանակ խռմփացնելուն լուրջ չեն վերաբերվում եւ չեն կարծում, որ դա կարող է առողջությանը վնասել, քաղաքակիրթ երկրների քնաբանները ահազանգում են ու թվարկում այն հիվանդությունների շարքը, որոնք նպաստում են խռռացնելուն եւ անքնությանը: Բժիշկների ներկայացմամբ, առողջական խնդիրները ոչ թե խռմփոցից են սկսվում, այլ՝ խռռացնելը արդեն օրգանիզմի ազդակն է՝ գոյություն ունեցող կամ սկսվող խնդիրների:

«Քնի բժշկության միջազգային ասոցիացիան» մարտի 16-ը հայտարարել է քնի խանգարումների դեմ պայքարի օր: Այսօր, «Հենարան» ակումբում, քնի հայաստանյան մասնագետները կոչ արեցին լուրջ պայքար մղել անքնության դեմ, քանի որ, ըստ «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամսոն Խաչատրյանի, զարգացող հասարակություն ունենալու համար պետք է մարդը նորմալ եւ սահմանված ժամաքանակով քնի:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտեմ Գրիգորյանի խոսքերով էլ, 5-8 ժամ քունը համարվում է նորմալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանից պակաս եւ ավել քուն ունեցող մարդկանց մոտ հիվանդացությունների ցուցանիշն ավելի բարձր է: Ըստ նրա, քնի որակի պակասի արդյունքում առաջացող հիվանդություններից են շաքարային դիաբետը, ինսուլտը եւ սիրտ-անոթային խանգարումները: Բժիշկներն անքնությունը որակել են որպես՝ «լռակյաց մարդասպան»:
«Aravot.am»-ի հարցին, թե այսօր դեղատներում առանց դեղատոմսի ազատ վաճառվում են քնաբեր հաբեր եւ մարդիկ էլ սովորություն ունեն ինքնաբուժմամբ զբաղվել, արդյոք այդ դեղերով քունը վերականգնելը վտանգավոր չէ՞, Սամսոն Խաչատրյանն ասաց. «Չեմ կարծում, որ լուրջ քնաբեր դեղերը ազատ վաճառք են: Իսկ ինչ վերաբերում է բուսական կամ քիմիական հաբերին, որոնք հանգստացնող, քնաբեր էֆեկտ են տալիս, դրանց վերաբերյալ հետազոտություններ չկան, թե դրանք ինչ վնասներ կարող են հասցնել օրգանիզմին»: Պարոն Խաչատրյանը խորհուրդ տվեց անքնության պատճառները գտնել եւ բուժել, այլ ոչ թե ինքնաբուժմամբ զբաղվել:
Հայաստանում քրոնիկական անքնությունը կազմում է ընդհանուր բնակչության 10-15 %-ը, ինչը, բժշկության տեսանկյունից, շատ մեծ թիվ է կազմում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031