Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի քաղաքապետի եղբայրը կպայքարի ոստիկանապետի եղբոր դեմ

Մարտ 16,2012 13:41

Թիվ 36 ընտրատարածքում անզիջում ու հետաքրքիր ընտրարշավ է սպասվում

Երեկ այս ընտրատարածքում մեծամասնական ընտրապայքարի համար պաշտոնապես արդեն իսկ գրանցվել են 2 թեկնածուներ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը մի քանի ամիս է, ինչ հարազատ կուսակցության նախաձեռնությամբ համամասնական կարգով մտել է խորհրդարան, Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը, ինչպես նաեւ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրը՝ Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանը: Նշենք, որ Հ. Պետրոսյանը 15 տարվա գյուղապետ է եւ ի տարբերություն մյուս երկուսի՝ առաջին անգամ է իր ուժերը փորձում ընտրապայքարում: Այստեղ ընտրապայքարը դաժան է թեկուզեւ այն իմաստով, որ իրար դեմ են դուրս եկել կոալիցիոն ընկերները՝ ցույց տալու, թե ով է ամենահզորը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մ. Վարագյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ մեկին իրեն վտանգավոր կամ անվտանգ մրցակից չի համարում, եւ միանշանակ ինքն է հաղթելու: Իսկ ինչո՞վ է վստահ, որ ինքն է հաղթելու՝ իր մեծահարուստ եղբա՞յրն է օգնելու, որը, ըստ որոշ լուրերի, Ղազախստանի նախագահի խորհրդականն է, մեր հարցին պարոն Վարագյանն ասաց. «Ազիզ ջան, եթե ուրիշ ցանկացողներ էլ կան, եղբորս կասեմ թող սեփական ինքնաթիռով գա, իրենց էլ թիկունք կանգնի, բայց մի բան եմ ուզում իմանաք՝ եղբայրս Ղազախստանի նախագահի խորհրդականը չէ»: Նկատենք, որ Գյումրիում պտտվող լուրերի համաձայն՝ Վարագյանների՝ Ղազախստանում ապրող եղբայրը, բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվելով մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ցանկացած պահի կարող է իր սեփական ինքնաթիռով ժամանել ու հարցեր լուծել:

«Եղբայրս, իհարկե, մտերիմ է, ե՛ւ Ղազախստանի նախագահի, ե՛ւ մեր իշխանավորների հետ»,- խոստովանեց ԱԺ պատգամավորը: Մեր հարցին՝ ինչո՞ւ է Վարագյանը նորից ուզում պատգամավոր դառնալ ու այս անգամ ի՞նչ է խոստանում իր ընտրողներին, նա թվարկեց՝ դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, վթարային շենքերի ու կտուրների վերանորոգում, գազիֆիկացում: Մեր այն հարցին էլ, թե 5 տարվա մեջ ինչո՞վ էին զբաղված, որ այս բոլոր խնդիրները կուտակվել են, պարոն Վարագյանն ասաց. «Ես ոչ թե չեմ հասցրել սրանք անել, այլ ինձ ՀՀԿ-ն է աջակցում այս տարածաշրջանում գործ անելու: Նրանք շարունակելու են աջակցել, դե, գիտեք մեր երկրի վիճակը, եւ ՀՀԿ-ն մի քանի տարվա մեջ այնքան գործ է կատարել, որ ամբողջ խորհրդային տարիներին այդքան գործ չի կատարվել»: ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանն էլ իր՝ խորհրդարան մտնելը բացատրեց ընտրատարածքի 99 գյուղերի ժողովրդի պահանջով: Նա ասաց, որ այս ընթացքում գյուղ առ գյուղ անընդմեջ հանդիպել է ժողովրդի հետ ու քանի որ կոնկրետ ծրագրեր է իրականացրել, ժամանակի ընթացքում իր կողմնակիցները շատացել են: «Ես դրական էմոցիաներ եմ ստանում ժողովրդից, դրա համար էլ առաջադրվում եմ»,- մեկնաբանեց նա:

Իսկ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը Արթիկի քաղաքապետի ու ոստիկանապետի եղբայրների կողքին՝ մեր հարցին պարոն Պետոյանը, որը մի անգամ արդեն իսկ առիթ ունեցել է մրցել Արթիկի քաղաքապետի եղբոր հետ՝ մեծամասնական կարգով, ասաց. «Ես առաջվանը չեմ, արդեն իսկ փորձ ունեմ քաղաքականության մեջ, թույլ չեմ տա, որ անօրինականություններ կատարեն, ես կբարձրաձայնեմ, չեմ ուզում թերագնահատել իմ 2 մրցակիցներին, բայց չեմ տեսնում նրանց առավելությունները ու տարբերությունները միմյանց նկատմամբ»:

Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանն էլ իր՝ խորհրդարան մտնելը բացատրեց այսպես. «36-ը սպեցիֆիկ ընտրատարածք է, ես նկատի ունեմ, որ հիմնականում գյուղական համայնքներ են՝ 41 համայնքից 39-ը գյուղական է, երկու քաղաքային կա՝ Արթիկն ու Մարալիկը, որի ազգաբնակչության կեսը եւս ապրում է գյուղական կենցաղով, եւ կարեւորում եմ, որ այս ընտրատարածքից պետք է ընտրվեն գյուղի հոգսերն ու խնդիրները լավ պատկերացնող անձինք, ովքեր գիտեն առաջիկա խորհրդարանում ինչ օրինաստեղծ աշխատանքով զբաղվել, որպեսզի թեթեւացնեն գյուղացու հոգսերը»: Նա նաեւ ասաց, որ որպես ֆերմեր՝ ներկայիս ԱԺ-ում չի տեսնում որեւիցե մի պատգամավորի, որը լավ կպատկերացնի ֆերմերի հոգսերը: «Հիմնականում քաղաքում նստած, լավ պատկերացում չունենալով գյուղացու մասին՝ գյուղատնտեսական օրենքներ են ստեղծում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը: Հունան Պետրոսյանը շեշտեց, որ եթե իր 100 տոկոսանոց «շանսերի» մեջ գոնե 10% կասկածանք ունենա, չի առաջադրվի: Նա մատնանշում է գյուղական համայնքներում իր ունեցած հեղինակությունը եւ կատարած աշխատանքները: Իսկ կօգտվի՞ իր եղբոր՝ Արթիկի ոստիկանապետի լծակներից: «Կոնկրետ իմ պարագայում երեւի թե մի քիչ խանգարում է եւ չի օգնում ինձ, ինչպես գիտեք՝ կոալիցիոն բոլոր ուժերը կան էստեղ, բոլորն էլ իշխանությունների ներկայացուցիչներ են, կոնկրետ ես չեմ ապավինում որեւէ ուժային կառույցի, ես, ինչպես ասացի, իմ թեկնածությունը առաջադրելու եմ որպես Պետրոսյան Հունան, չկա ոչ մի դաբրոների հասկացողություն, չեմ գտնում, որ այս հանգամանքն ինձ օգնելու է: Իհարկե, իմ եղբայրն է, որին շատ եմ սիրում, հարգում, նա բարեխիղճ, պրոֆեսիոնալ ոստիկան է, նա կաշխատի իր աշխատանքում՝ ինչպես բարեխիղճ ոստիկանապետ»: Իսկ որքանո՞վ են ճիշտ այն խոսակցությունները, թե Արթիկի ոստիկանապետը ՕԵԿ-ականացնում է Արթիկի գյուղապետերին՝ իր եղբոր համար ձայն ակնկալելով, Հունան Պետրոսյանն ասաց, որ նախքան իր եղբոր ոստիկանապետ դառնալը, ինքն իր ընկեր գյուղապետերով թիմ է կազմել ու մտել ՕԵԿ-ի շարքերը, ավելին՝ իր եղբայրը ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվել: Քանի որ Հունան Պետրոսյանն ասաց, որ իր համար վտանգավոր մրցակից չի տեսնում եւ կարծում է, որ հաղթողը ինքն է, մենք նրանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե ոստիկանապետի եղբորը չի կաշկանդում այն փաստը, որ իր դեմ է դուրս գալու քաղաքապետի եղբայրը: «Ոչ, ինձ բացարձակապես չի կաշկանդում, քանի որ հիշատակեցիք Վարագյան Մխիթարին, լավ, թե վատ, որպես պատգամավոր՝ ժողովուրդը իրեն գիտի, ես չէ, որ պետք է իրեն քննադատեմ, եւ ես հուսով եմ, որ անկախ ամեն ինչից՝ շատ փող ունենալուց, քիչ փող ունենալուց, ընտրակաշառքներ բաժանելուց կամ չբաժանելուց, ժողովրդի մեծամասնությունը՝ 50 պլյուս մեկը, խոհեմ է եւ մտածում է»,- ասաց մեր զրուցակիցը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031