Լրահոս
Օրվա լրահոսը

Աննամակ ծրար

Մարտ 16,2012 13:38

Բոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս էության եւ խոսքի մեջ է: Չգիտեմ՝ իմ ձայնը տեղ հասավ, թե ոչ, գիտեմ միայն, որ ես այսօր մենակ եմ իմ մտքի եւ խոսքի առջեւ՝ ինչպես դատարկ ծրարի:

Եվ մենակ, անարձագանք մնացած մարդու սրված երեւակայությամբ տեսնում եմ ազգերի հոգեւոր ջրերի հեռավոր խորքերում լողացող Լեգեոն ձկանը, որի պոչը այնքան երկար էր, որ ձուկն իր պոչը չէր ճանաչում եւ, տեսնելիս, ուզում էր կծել: Իսկ երբ կծեր, աշխարհը խորտակվելու էր: Եվ եղան ազգեր, որոնց հետ պատահեց այդ բանը, ու վաղորդյան մշուշի պես տարրալուծվեցին ժամանակների խաբուսիկ զրնգոցի մեջ ու վերացան աշխարհի երեսից: Քանզի նրանք գիտեին իրենց գործած մեղքի չափը եւ փութացին ժամանակից շուտ հագնել իրենց փախուստի զգեստները: Եվ քանի որ չի կարելի մի անգամ դիպվածով ազնիվ լինել ու անվերջ շարունակել ազնվության խաբկանքը՝ նման այն մարդուն, որը հեռահար նպատակից դրդված խմում է մեկուսի, բայց հասարակության մեջ հայտնվում է հարբած, այդպես էլ չի կարելի խուսափել Աստծու ամենատես աչքից եւ մեղք գործել մթության մեջ ու առավոտյան հայտնվել արդարության ծիրանին հագած…

Եթե ոչխարի հոտից գայլը ոչխար է տանում, ո՞վ է մեղավոր՝ հովի՞վը, ամպամած եղանա՞կը, թե՞ գամփռները, որ պահպանում էին հոտը… Կար ժամանակ, որ ես էլ էի հայտնվել պետական գործի խառն ամբոխում՝ ամբողջ ինը տարի շարունակ, ու չգիտեմ այսօր՝ ուրիշներն ինչպես, բայց ես ուզում եմ խոստովանել, որ թեեւ ոչ մի որոշակի մեղք չեմ գործել, բայց միեւնույն է, ես էլ եմ մեղավոր, որ չկարողացա լինել այնքան խորաթափանց ու գաղտնատես, որ նկատեի մեր հոգեւոր կյանքում ապրող եւ համառորեն իր պոչը փնտրող Լեգեոն ձկանը, որը մեզ անվերջ հուշում էր եւ հուշում է, որ ոչ մի ժողովրդի հնարավոր չի վերացնել, եթե ժողովուրդն այդ չի ուզում ինքնասպան լինել: Եվ հիմա, այսօրվա իմ տարտամ մենության մեջ ինձ պատկերանում է զարմանալի մի տեսիլք, երբ Նահապետը, աշխարհական հայացքով նայելով նստածներին, խորասուզվեց մի անհայտ գրքի ընթերցանության մեջ, եւ ընթերցանությունն այնքան երկար տեւեց, որ ներկաները տարակուսեցին: Վերջում նա բարձրացրեց գլուխը եւ հայացքը ետ բերելով հեռուներից՝ նայեց ներկաներին եւ ցածր ու մտերմիկ ձայնով հարցրեց.

Դուք հասկացա՞ք ինձ: Եվ բոլորը քնից արթնացածի պես բացականչեցին՝ այո՛, Նահապետ, մենք քեզ հասկացանք, առաջին հերթին Հայաստա՛ն…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031