Համ էլ՝ ՀՀԿ-ի ախորժակը ուտելիս է բացվել. նա այս անգամ ավելի շատ ընտրատարածքներում է առաջադրումներ արել
Երեկ ՀՀԿ-ն պաշտոնապես հրապարակեց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր կողմից առաջադրվող թեկնածուների ցանկը: Հանրապետականն այս իմաստով առայժմ միակն է, որեւէ այլ կուսակցություն առայժմ ոչ միայն համամասնական իր ցուցակը չի հրապարակել, այլեւ մեծամասնականների առաջադրումների մասին է լռում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մեծամասնական համակարգով առաջադրումներին, ապա դրանք շատ չեն տարբերվում նախորդ՝ 2007թ. ԱԺ ընտրություններում ներկայացված ցուցակից: Այստեղ կան պատգամավորի թեկնածուներ, որոնք, կարծես թե, իրենց ընտրատարածքներում արդեն վաղուց «բրոնյա» արած տեղեր ունեն՝ անկախ այն բանից, թե դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի՞, թե՞ այլ կուսակցության կամ քաղաքացիական նախաձեռնությամբ են առաջադրվել: Այդպիսիք ընդհանուր հաշվով 13-ն են. թիվ 7 ընտրատարածքում՝ գործարար Սամվել Ալեքսանյան, որը միակ թեկնածուն էր, ու որին ե՛ւ 2007-ին, ե՛ւ այսօր սատարում է ՀՀԿ-ն, թիվ 9-ում՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանը, թիվ 19-ում՝ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, որը նախորդ ընտրություններում այդ ընտրատարածքում հաղթեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին՝ «Ճոյտին», թիվ 20-ում՝ Հրանտ Գրիգորյանը, թիվ 24-ում՝ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, թիվ 29-ում՝ «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ Արկադի Համբարձումյանը, 30-ում՝ Վիկտոր Դալլաքյանը, 31-ում՝ Կարեն Սարիբեկյանը, 33-ում՝ «Հրազդան մարզահամալիր Վ. Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը, 36-ում՝ Մխիթար Վարագյանը, 38-ում՝ Վահե Հակոբյանը, 40 եւ 41 ընտրատարածքներում էլ համապատասխանաբար՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Վարդանյանն ու «Երեւան գարեջուր» ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Դատելով ՀՀԿ-ի «մեծամասնականների» ցուցակից՝ պետք է նաեւ արձանագրել, որ դարձյալ նախորդ՝ 2007թ. ընտրությունների համեմատությամբ, այս անգամ իշխող կուսակցությունը որոշել է ավելի շատ առաջադրումներ կատարել: Թե ինչով է սա պայմանավորված՝ դժվար է ասել, որովհետեւ տարբերակները կարող են շատ լինել: Այսպես, նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն առաջադրումներ չէր կատարել 41 ընտրատարածքներից 17-ում, իսկ այսօր միայն 8 ընտրատարածքներում է, որ սեփական թեկնածուներով հանդես չի գա: Դրանցից երկուսն ընդգրկված են Երեւանի Շենգավիթ համայնքում՝ 11 եւ 12 ընտրատարածքներ, Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքը, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում՝ թիվ 23, 25, 26, 28 ընտրատարածքները, նաեւ Շիրակի մարզի թիվ 35-ը, որտեղ, ի դեպ, ՀՀԿ-ն նախորդ անգամ էլ առաջադրում չէր կատարել: 2007-ի ընտրությունների ժամանակ հանրապետականները, հիշեցնենք, պատգամավորի թեկնածուներ չէին առաջադրել թիվ 3, 4, 8, 10-12, 14, 16, 18, 26-30, 35, 36 ու նաեւ թիվ 41 ընտրատարածքներում: Փաստորեն 2007-ին ՀՀԿ-ն ձեռնպահ էր մնացել գործարարներ Խաչատուր Սուքիասյանի, ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանի եւ անկուսակցական Գրիգոր Մարգարյանի հետ մրցակցելուց, առանձնապես մեծ ոգեւորությամբ չէր մոտեցել նաեւ Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերին: Այս անգամ ՀՀԿ-ն որոշել է թիվ 10-ում, որտեղ իր թեկնածությունն է դնելու Խաչատուր Սուքիասյանը, առաջադրել մեկ այլ գործարարի՝ Գարեգին Նուշիկյանին, իսկ ահա նախկին քաղբանտարկյալ եւ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ընտրատարածքում՝ թիվ 25-ում, որոշել է սեփական թեկնածու չառաջադրել: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին ՀՀԿ-ն այս ընտրատարածքում առաջադրել էր հենց Միքայելյանի թեկնածությունը: Ինչպես 2007-ին, այնպես էլ այսօր Հանրապետականը իր ներկայությունից ազատել է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիվ 28 ընտրատարածքը:
Թեեւ դեռ պարզ չէ, թե իշխող կուսակցության համամասնական ցուցակն ինչպիսին կլինի, բայց դատելով միայն մեծամասնական թեկնածուների ցանկից՝ ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ բերել 1-2-ով ավելի քիչ գործարարների, քան նախորդ անգամ: Նախկինում ՀՀԿ խմբակցության 63՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորներից 17-ն էին գործարարներ, իսկ հիմա միայն մեծամասնական ցուցակից դատելով՝ դրանց թիվը 15-ն է: Եթե անգամ համամասնականում գործարար թեկնածուներ ընդգրկված չլինեն էլ, արդեն այսօր կարելի է ասել, որ երկրի վարչապետի հայտարարությունն ու խոստումը, թե ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու՝ շատ քիչ է փոխում իրերի վիճակը:
Մի ուշագրավ փաստ եւս. 2007-ի համեմատությամբ, ՀՀԿ-ն նաեւ վերանայել է իր նախկին թեկնածուների ցանկը: Ահավասիկ, եթե նախորդ ընտրությունների ժամանակ, օրինակ՝ թիվ 1-ում իշխող կուսակցությունն առաջադրել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ապա այսօր նրա թեկնածուն այս ընտրատարածքում Էդիկ Գեւորգյանն է, թիվ 2-ում Ռաֆիկ Պետրոսյանին փոխարինել է Սամվել Ֆարմանյանը, թիվ 5-ում Լեւոն Սարգսյանին՝ Արթուր Գեւորգյանը, թիվ 6-ում Հարություն Փամբուկյանին՝ Գլխավոր դատախազի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, թիվ 13-ում Արմեն Պուրտոյանին՝ Մհեր Սեդրակյանը, թիվ 15-ում Խաչիկ Մանուկյանին՝ Մնացական Մնացականյանը, թիվ 17-ում Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, փոխարինել է Կարինե Պողոսյանը, թիվ 19-ում Հակոբ Հակոբյան «Ճոյտին»՝ Սեդրակ Սարոյանը, թիվ 22-ում Տիգրան Արզաքանցյանին՝ Մանվել Բադեյանը, թիվ 32-ում Սուրիկ Պողոսյանին՝ նրա բարեկամը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, թիվ 34-ում՝ Սուքիաս Ավետիսյանին՝ Արման Սահակյանը, 37-ում Սերժ Սարգսյանի Ալեքսանդր եղբորը փոխարինել է Հայկ Գրիգորյանը, 39-ում Սամվել Սարգսյանին՝ Աշոտ Արսենյանը: Իսկ ահա թիվ 40-ում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել նախկինում այդ ընտրատարածքից ընտրված, անկուսակցական Միքայել Վարդանյանին, իսկ 41-ում՝ առաջադրված նախկին ՕԵԿ-ական Հակոբ Հակոբյանին:
Ու մի բան էլ. նոր գումարման ԱԺ-ում այլեւս հաստատապես ՀՀԿ խմբակցությունը համալրելու են այսօր դեռեւս անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Միքայել Վարդանյանը, Վարագ Մխիթարյանն ու Սամվել Ալեքսանյանը, եթե ընտրվեն:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ