Հատվածներ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ «շատ աշխույժ ճեպազրույցից»:
– Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս է Ձեր քթի վիճակը։ Եկե՞լ են պայծառ մտքերը։
– Պայծառ մտքերը եկե՜լ են։
– Ե՞վ։
Կարդացեք նաև
– Եվ՝ ամեն ինչ շատ լավ ա։
– Ասում են՝ այդ մտքերն այնքան պայծառ են եղել, որ ուզել եք «Օրինաց երկիր» մտնել հա՞։
– Չէ։
– Հա՛։ Թե չէ ինչո՞ւ էիք ասում՝ «բարեւ, քուրո՜, մտնում եմ «Օրինաց»։ Հեղինե Բիշարյանին։
– Հեղինե Բիշարյանը քուրս ա, բայց չեմ մտնում։
– Կարո՞ղ է՝ մերժել են, դրա համար։
– Ու՞մ, ի՞նձ։ Չէ՜։
– Բա լսե՞լ եք, որ Դուք ասել եք՝ «բարեւ, քուրո», ինքն ասել է՝ «պատեհապաշտներին ՕԵԿ–ը չի ընդունում»։
– էդ ո՞ր մեկն ա։
– Դե, պատեհապաշտ «նշանակում» է՝ «պատիվը պաշտելով» մտնել ՕԵԿ։
– Չէ, ես չեմ մտնում ՕԵԿ։
– Ներքաղաքական խնդիրներից սահուն անցում կատարենք գեոքաղաքական, գլոբալ առաջնահերթություններին. Իրաքում Դուք հանդիպել եք Հյուսիսային Քրդստանի պառլամենտի ղեկավարին, ի՞նչ գեոհարցեր եք քննարկել վերջինիս հետ։
– Դե, ես գնացել էի Իրաք՝ Արբի քաղաք, իրենց մոտ, իրենք էլ ինձ հյուր հրավիրեցին. զուտ ընկերական խոսակցություն է գնացել։
– Պառլամենտի ղեկավարի հետ՝ զուտ ընկերական խոսակցությո՞ւն։
– Հա-հա, զո՜ւտ ընկերական։
– Բա, դե որ էդպիսի ընկերներ ունեք Իրաքում, կարող եք էնտեղի պառլամենտում էլ Ձեր թեկնածությունը դնել։
– Չէ, հլը դրա կարիքը չկա։
– Ի՞նչ գիտեք, կարող է՝ կա։ Ասում են՝ այնտեղից Քիրկուկով ուզում եք նավթ բերել Հայաստան. պատգամավոր լինեք, հեշտ կլինի: Բերո՞ւմ եք նավթ։
– Որ հնարավորությո՜ւն լինի, վա՜տ չի լինի։
– Էդ նպատակո՞վ էիք գնացել։
– Չէ, ուրիշ գործով։
– Պետական գաղտնիք է, չե՛ք բացահայտում։
– Ա՜յ, ցավդ տանեմ, դու որ տեղ ես գնում, ինձ ասո՞ւմ ես։
– Կասեմ։ Ես խոստանում եմ Ձեզ՝ հենց տեղ գնացի, Ձեզ ասում եմ։ Ուր գնամ՝ ասում եմ։
– Դե, ինձ էլ հրավիրել էին Իրաք, ես էլ գնացել էի։
– Ո՞վ Էր հրավիրել։
– Ընկերներ կային։
– Իրաքում էլ ընկերներ ունեք։
– Հա, քանի որ ես «Նիգ-Ապարան» միության նախագահն եմ, էնտեղ՝ իրենց մոտ էլ կային ապարանցիներ, հրավիրել էին, որ մասնաճյուղ բացեմ էնտեղ։
– Վաո՜ւ: Բացեցի՞ք։
– Հա, բացեցինք։
– Ասում եմ, չէ՞, էնտեղի ընտրություններին էլ կարող եք մասնակցել. «Նիգ-Ապարանը» մեզանում հիմնականում այդ նպատակների համար էր ստեղծել Աղվան Գառնիկիչը։ Դե, Գառնիկիչը, ոնց երեում է, նեղ էր մտածում, Դուք՝ էսպես ավելի գլոբալ, համարձակ, միջազգայի՜ն՝ Իրաքում. այն պահին, երբ ամերիկյան զորքերը նոր թողել էին Բաղդադը, երբ ՑՌՈՒ–ի շեֆ, այժմ՝ Պենտագոնի ղեկավար Պանետան նույն օրը, երբ Դուք հասաք Իրաք, նույնպես հասավ Իրա՜ք…
– Չէ, չէ, «Նիգ-Ապարան» միությունն ընդամենը Իրաքում գրասենյակ է բացել։
– Է՜ս ինչ մեծ գործ եք արել, բա խի՞ չեք հայտարարել էդ մասին։
– Ես միշտ մեծ գործեր եմ անում։
– Ներեցեք նվաստիս գոյության համար, եւ այնուհանդերձ, թույլ տվեք հարցնել, իսկ Աֆղանստան չե՞ք մեկնելու։
– Ոչ, այնտեղից հրավեր չունեմ։
– Իսկ գուցե Իրա՞ն. այնտեղ, հասկանում եք, իրավիճակը օրհասական է, Պուտինն ընտրվելու դիմաց «քուրմ» Քիսինջերին տվեց Սիրիան, զարգացումներն ու օղակը Իրանի շուրջ արդեն իսկ հիմա, իսկ մինչ ամառ է՛լ ավելի կսեղմվեն, ուստի, կարծում եմ, Դուք պե՚՛տք է գնաք Իրան։ Համ էլ՝ էնտեղ լիքը նավթ կա, ավելի էժան։ Համ էլ Իրանը մեզ շատ մոտիկ է, շատ էժան կնստի։
– Եթե հրավեր լինի Իրանից, անպայմանորեն եւ անշուշտ կգնամ։
– Պարոն Ալեքսանյան, համ էլ ասում են, որ Ձեր սուպերմարկետների աշխատողները որ բան են գողանում, Դուք նրանց տանում, սառնարանում պահում եք։
– Ես աշխատող չունեմ, ոչ էլ սառնարան ունեմ։
– Ունեք թարմ մտքեր ու Իրաքում բացված մասնաճյուղ։ Մնացած բոլորը Մկրտչյան Շողիկինն են (պարոն Ալեքսանյանի կնոջը- հեղ.):
– Բոլո՜ր-բոլո՜րը Մկրտչյան Շողիկինն են։
– Համ էլ՝ Շողիկ չէ, Շողերինա է։ Եվ հետո՝ երբ «թողեցի՞ք» բիզնեսը։
– Մեկ տարի առաջ։
– Համոզե՞լ եք Ձեր կնոջը, որ պատգամավոր դառնալու փող տա։
– Ինչով հնարավոր է, օգնում է։ Ինչով կարում է, հասնում է, օգնում է, չի թողնում խեղճանամ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»