Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Չիկագո Բիրզ» ակումբի խաղացող Բրենդոն Մարշալը մեղադրվում է պատահական կռվի ժամանակ անծանոթ կնոջ ծեծելու մեջ:
Դեպքը կատարվել է օրերս, երբ ֆուտբոլիստը մի փոքր լիցքաթափվելու նպատակով մտել է Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկը, որտեղ լեզվակռվի է բռնվել տղաների մի խմբի հետ: Խոսքից՝ խոսք, եւ նրանք դուրս են եկել հաշիվ մաքրելու: Հասկանալի է, գործի են դրվել բռունցքները (Մարշալի բռունցքներն, ասում են, պատկառազդու մեծություն ունեն): Միայն թե, չգիտես ինչի, Բրենդոնը որպես «մարզումային մրցակից» ընտրել է Քրիստին Մայլս անունով 24-ամյա մի աղջկա: Բարեբախտաբար, ակումբի անվտանգության աշխատակիցները հասցրել են կանխել ծեծկռտուքը: Հաջորդ առավոտյան աչքի տակ կապտուկ ստացած աղջիկը դիմել է ոստիկանություն:
Ֆուտբոլիստի փաստաբանները բոլոր մեղադրանքները հերքում են՝ պնդելով, որ աղջիկը վնասվածքն ստացել է մեկ այլ ծեծկռտուքի ժամանակ, որի հետ իրենց պաշտպանյալը ոչ մի կապ չունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ