Հատված ՕԵԿ փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար, նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանի հետ հարցազրույցից:
–Տիկին Բիշարյան, ինչպե՞ս եք գնահատում ՕԵԿ նախընտրական շտաբի գործունեությունը:
-Նախընտրական շտաբը կազմավորման օրվանից ակտիվորեն եւ արդյունավետ աշխատում է: Մենք Հայաստանի բոլոր համայնքներում, արդեն քարոզարշավի մեկնարկից շատ առաջ, ավարտել ենք շտաբների վերջնական ձեւավորման աշխատանքները: Աշխատանքներն ընթանում են մեր նախատեսած ծրագրերին համապատասխան, իսկ արդյունքները մեզ գոհացնում են:
–ՕԵԿ-ը տարեսկզբին հայտարարել էր, որ նոր խորհրդարանում կաշխատի նորացված կազմով։ Ովքե՞ր, ի՞նչ նոր անձինք են ընդգրկվելու ՕԵԿ համամասնական ընտրացուցակում:
-Մեր համամասնական ցուցակում իսկապես նոր մարդիկ կան: Նրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, պրոֆեսիոնալներ են, ովքեր անցել են լուրջ ճանապարհ, ունեն փորձ եւ համապատասխան գիտելիքներ: Մեր ցուցակում կան երիտասարդներ, ովքեր անպայման նոր խոսք ու նոր ասելիք կունենան քաղաքական դաշտում:
-ՕԵԿ-ը կունենա՞ առաջադրումներ մեծամասնական ընտրատարածքներում: Ո՞ր ընտրատարածքներում եք առաջադրելու ՕԵԿ թեկնածուներ:
-Շուրջ 15 ընտրատարածքներում կուսակցությունը պատգամավորի թեկնածուներ կառաջադրի:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»