Սույն թվականի մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:
Չնայած ՀՀ ոստիկանությունն իր նախորդ հայտարարության մեջ հանգամանորեն անդրադարձել է իրականացված գործողությունների իրավական հիմքերին, այդուհանդերձ, ԶԼՄ-ներով արտահայտվել են տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ իրականացված գործողությունների իրավաչափության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը կարևորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաև այն դեպքերում, երբ չի կիսում դրանք և` համաձայն վերջին ժամանակահատվածում ձևավորվող ավանդույթի, իր պատրաստակամությունն է հայտնում իրենց դիրքորոշումն արդեն իսկ հրապարակած՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի», «Թռչկան», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ՝
– Ընդհանուր ազատությունը («թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով») որպես սկզբունք և իրավունք,
– «Հասարակական կարգ» և «հասարակական անվտանգություն» եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,
– Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,
– Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,
– Լարվածությունը թուլացնելու սկզբունքը ոստիկանության գործելակերպում,
– Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում:
ՀՀ ոստիկանություն