Տխրում եմ, տխրում մեր պետականության համար, թեեւ վաղուց արդեն մեր իրականությանը խորթ չեն թե պսեւդոկուսակցություններից առնետավազքը, թե կերակրատաշտին մոտ դիրքավորվելու արդեն «ազգային» դարձած վարքագիծը։
Անկախության, այո, զարմանալիորեն հենց անկախության 20 տարիներին ամեն ինչ արեցինք՝ արժեզրկելու քանի- քանի սերունդների համար փայփայելի գաղափարներ, պետականության ինստիտուտները։ Թերեւս կարելի էր ըմբռնումով մոտենալ, մտածել, թե ժամանակը կարճ էր, մի քիչ էլ համբերենք, ու ամեն ինչ լավ է լինելու, ու այսպիսի ամոքիչ բաներ։ Կարելի էր, իհարկե, եթե երեսպաշտությունն ու կեղծիքն այդքան ցինիկ ու անմաշկ չլինեին։ Եթե գոնե բարեպաշտության, մրցունակության, սոցիալական ու իրավական պետության մասին հեքիաթները համառորեն վերահսկվող լրատվամիջոցներից այդպես առատորեն չլցվեին մեր ականջներն ու տները։
Քաղաքական, բարոյական եւ, առհասարակ, նշաձողն այնքան է ընկել, ու չափանիշներն այնքան այլասերվել, որ շատերին թվում է, թե, ասենք, «օրիգինալ» արտաքինը, հիպի լինելը (նույնիսկ այդ չեն), բազմաչարչար Նժդեհի անունը վեց անգամ կարդալ-լսելը կամ «մարշրուտնու» մի երկու զավթած գիծ ունենալն արդեն բավարար են խորհրդարանում հայտնվելու համար։ Մարդիկ տոնավաճառի պես, անթաքույց (սասունցի պապս կասեր՝ անաբուռ) ինքնամատույց են լինում, ձայն (նույնն է թէ մարդ) առնում։ Եթե անկեղծ, երբեմն մտածում եմ՝ էս տեսակներն արժանի են միմյանց։
Բայց սիրտս ցավում է անանձնական ցավով, շատերի անունից, ու չեմ կարող չբղավել՝ էս բեռով ո՞ւր ենք գնալու։ Մշակույթի մարդը եւ առհասարակ յուրաքանչյուր ոք, անշուշտ, իրավունք ռւնի քաղաքականություն մտնել, եթե գաղափարներ ու քաղաքացիական կեցվածք, համոզում ու սկզբունքներ ունի։
Կարդացեք նաև
Բայց այսօր տոմս, վաղը՝ մանդատ. Զոշչենկոյի կամ Իլֆի ու Պետրովի սարկազմն իսկ անզոր է ու թույլ։
Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ
«Հրապարակ»