Այսօր Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած և նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգևատրման արարողությունը։
Պարգևատրմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը և Արագածոտնի մարզպետը։
Միջոցառման ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։
«ՈւՐԱԼ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։
Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։
ՀՀ ԱԻ նախարարություն