Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզյան սուրճի» նախկին տիրուհին էլ էր երեկ Մաշտոցի այգում

Մարտ 16,2012 02:21

Երկու-երեք ամիս առաջ «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, վիրավորված Հայաստանում բիզնեսի համար տարիներ շարունակ ստեղծված եւ ոչ մի կերպ չփոխվող անտանելի պայմաններից, վաճառեց իր սրճարանը եւ մեկնեց Ֆրանսիա: Այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, տարբեր գործիչներ փորձում էին համոզել տիկին Գործունյանին, որ նա չանի այդ բանը, եւ փորձի մյուս գործարարների` հայաստանցիների նման պայքարել եւ հասնել ինչ-որ բանի: Սակայն գործարար տիկինը արդեն վճիռը կայացրել էր` «հոգնել եմ պայքարելուց»:

Այս օրերին նա կրկին Երեւանում է: «Առավոտի» հարցին` «այլեւս ոչ մի բիզնես, ոչ մի ծրագիր չունե՞ք Երեւանում», տիկին Գործունյանը պատասխանեց` «ոչ, ոչ, ոչ…»: «Եվ չեք էլ ունենալո՞ւ» մեր այս հարցին էլ պատասխանեց.«Ոչ, առայժմ ոչ»:  Սակայն հաջորդ հարցին` «տեղափոխվել եք Ֆրանսիա, եւ էլ չե՞ք վերադառնալու» պատասխանը կրկին «ոչ» էր.«Ոչ, ես պիտի գամ ու հաճախ կգամ, որովհետեւ շատ եմ սիրում Հայաստանը, եւ ինձ այդ առավելությունը տվեցին, որ կարողանամ վայելել իմ տունս, մինչեւ փոփոխություններ լինեն…»:

Տիկին Գործունյանն իր երեւանյան բնակարանը, որ գտնվում էր «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի վերեւի հարկում, նույնպես վաճառել է սրճարանի գնորդներին: Նրանք տիկին Գործունյանին մեծահոգաբար առաջարկել են ցանկացած ժամանակ գալ եւ մնալ այդ բնակարանում, թեեւ չի բացառվում, որ մի քանի տարի հետո այդ բնակարանն էլ դառնա սրճարանի մի մասը: Սրճարանի նոր տերերի ազգանունները տիկին Գործունյանը չէր հիշում, միայն անուններն ասաց` Մխիթար եւ Վահագն` «պարզ, ամեն մարդու պես մարդիկ են, որ վարկ են վերցրել այդ տեղն առնելու համար, ճանաչված մարդիկ չեն»:

«Առավոտի» հարցին` իմացա՞ն ֆրանսահայերը իր բիզնեսի հետ կապված պատմությունը եւ ի՞նչ արձագանք ունեցավ այն, տիկին Գործունյանը պատասխանեց.«Անշուշտ իմացան: Ես հարցազրույց տվեցի «Նուվել դ՜Արմենի» թերթին, որ մեր ամենակարդացվողն է: Գիտեք, իրենք բոլորն էլ շատ լավ գիտեին այդ խնդիրների մասին, որովհետեւ ամեն անգամ, ովքեր խնդիրներ ունեցել են, այդ մասին գրվել է դուրսը: Սփյուռքը շատ լավ գիտի իրականությունը, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական վիճակը, ամեն մարդ գիտի, ուղղակի զգում են, որ դրսից չեն կարող շատ բան փոխել, ներսից պիտի փոխվի:

Դժբախտաբար գիտեն ամեն բան: Կամ` բարեբախտաբար: Լավը երեւի գիտենալն է, որ պատրաստ լինես եւ կարողանաս պայքարել, դիմադրել: Կարող է շատ բացասական բաներ ենք խոսում, բայց այդ բացասականը պետք է, որ այդ մարդիկ (նկատի ունի իշխանություններին-Մ.Բ.) իրենց նայեն մեր աչքերով եւ կարողանան տեսնել հայելու մեջ, լսեն քննադատությունը եւ այդ իրականությունը կարողանան փոխել, որովհետեւ մեր իրականությունն այսօր շատ տգեղ է… Հայաստանից արտագաղթողների քանակն ավելի շատանում է… Եվ նրանց վիճակն ահավոր է, նրանք ստիպված են գողություն անել, որ գոյատեւեն… Ամեն ինչ սխալ է: Այս մեր հասարակության մեջ շատ վատ է վիճակը, մենք սարսափելի վիճակի մեջ ենք… Ես շատ մտահոգված եմ, ջան,  բայց ես ո՞վ եմ, որ ինչ-որ բան փոխեմ: Ես ոչ մի բան չեմ կարող փոխել մենակս, դժբախտաբար: Թե չէ` կփոխեի… Ամեն մարդ պիտի իր պատասխանատվությունն ունենա եւ իր պատասխանատվությամբ, իր գործով աշխատի: Օրինակ, երեկ ես գիշերը ժամը 12-ին կարդացի, որ 300 ոստիկան է լցվել Մաշտոցի այգին, վեր կացա վազեցի…Նորմալ մարդը պիտի իր ամեն ջանքը դնի, որ մեր երկիրը փոխվի, որովհետեւ չի կարող էսպես շարունակվել: Անհնարին է»:

«Իսկ ինչ-որ բան փոխվե՞լ է այդ պատմությունից հետո մեր պաշտոնյաների մոտ, ձեր ասած այդ «հայելու մեջ» նայել են նրանք, ովքեր իրավասություն ունեն ինչ-որ բան փոխելու, թե շարունակում են ամեն ինչ նույն ձեւով»: «Առավոտի» այս հարցին տիկին Գործունյանը պատասխանեց.«Ո՞նց կարող է ղեկավարությունը փոխվի մի հոգու կամ մի դեպքի պատճառով, որն ընդհանրապես իրենց չի հետաքրքրել: Ոչ, չի կարող փոխվել: Եվ եթե փոփոխություն լինի, դա կլինի միայն այսօրվա երիտասարդության քաղաքացիական եւ քաղաքական պայքարով: Իսկ այսօրվա ղեկավարությունը չի էլ ուզում փոխվի, եւ շատ էլ ուրախ են, որ ես գնում եմ, որովհետեւ մի խոսող պակաս կլինի: Հաստա՛տ: Բայց ես պիտի խոսեմ, ես կգամ, եւ կխոսեմ, իմ բերանը չեն գոցելու: Երբե՛ք»:

 

Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031