Օրեր առաջ գիտնականների, ծնողների և մանկավարժների մի մեծ խումբ բաց նամակով դիմել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նրանց մտահոգությունը Հայաստանում աստղացուցարանի բացակայությունն էր, քանի-որ բազմաթիվ են աստղագիտությամբ հետաքրքրվող և միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում արդյունքների հասած երեխաները: Արձագանքը չուշացավ. այսօր արդեն Գագիկ Ծառուկյանի խոստումն իրականություն դարձավ, և ինքն անձամբ՝ որդիների հետ միասին մասնակցեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աստղացուցարանի բացմանը:
ԲՀԿ նախագահը, շրջելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծանոթացավ կրթական գործունեության տարբեր ուղղություններին, հանդիպեց և զրուցեց մանկավարժների հետ:
«Անթույլատրելի է, որ աստղաֆիզիկայի և աստղագիտության բնագավառում մի շարք համաշխարհային մեծության գիտնականներ տված Հայաստանում չկար գեթ մեկ աստղացուցարան: Դուք ստեղծել եք պայմաններ և հնարավորություններ երեխաներին համակողմանի գիտելիքներով զինելու համար, և ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին և հարկ եղած դեպքում կրկին աջակցել: Մեր ապագան մեր երեխաներն են, և գեղեցիկ խոսքերի փոխարեն հարկավոր է, որ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում լիարժեք օգտակար և պիտանի լինի, որ ապագան փայլուն դառնա»,- հանդիպմանն ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: