Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածությունների մասին

Մարտ 15,2012 22:38

Շաբաթ օրը կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վեցերորդ արտահերթ համագումարում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը չի հրապարակվի: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը. «Եկող շաբաթվա առաջին օրերին կհրավիրվի կուսակցության քաղխորհրդի նիստը, որը կհաստատի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը եւ, այնուհետ, սահմանված կարգով ցուցակը կներկայացվի ԿԸՀ»:

Ինչ վերաբերվում է մեծամասնական կարգով առաջադրումներին, տիկին Զոհրաբյանն ասաց, որ այսօր եւ վաղն այդ քննարկումները եվս կշարունակվեն. «Ես կարծում եմ, որ եկող շաբաթվա առաջին օրերին մենք կունենանք վերջնական պատկեր՝ թե մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից քանի մարդ է առաջադրվելու»:

Մեր զրուցակիցը «կատարյալ անհեթեթություն» անվանեց մամուլում շրջանառվող լուրերը, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն պայմանավորվածություն ունեն յոթ ընտրատարածքներում մեծամասնական կարգով առաջադրումների վերաբերյալ. «Մենք մեծամասնական ընտրակարգով կառաջադրենք այնքան թեկնածու, ինչքան որ նպատակահարմար կգտնենք: Միանշանակ, առաջադրվողների թիվը շատ ավելի է լինելու, քան, այսպես ասած, յոթ տեղերի մասին ինչ-որ տեղից պեղված անհեթեթ տեղեկատվությունը, որն անընդհատ շրջանառվում է մամուլում»: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ընդհանրապես որեւէ պայմանավորվածություն չկա մեծամասնական կարգով միմյանց դեմ թեկնածուներ չառաջադրելու վերաբերյալ. «Կլինեն առաջադրումները եւ կտեսնեք, որ մամուլում համառորեն շրջանառվող այդ տեղեկատվությունը եվս չի համապատասխանում իրականությանը»:

Նելլի Գրիգորյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031