Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները կարծես թե սեպ են խրում Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Խաչատուր Վարագյանի ու ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի փոխհարաբերություններում: Բանն այն է, որ թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով անզիջում պայքարի են դուրս եկել այս երկու պաշտոնյաների հարազատ եղբայրները` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանն ու Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանը:
Այսօր Aravot.am-ը Մեղրաշենի գյուղապետից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ընտրությունները ավարտվեն այս երկու բարձաստիճան պաշտոնյաների պատերազմով: «Ես ճիշտն ասած չեմ կարող ասել ինչ հարաբերությունների մեջ կլինեն, քաղաքապետի պաշտոնը լրիվ այլ բան է, տեղական ինքնակառավարում է, ոստիկանապետինը` լրիվ այլ: Ինձ թվում է էդքան էլ կարևոր չեն նրանց բարիդրացիական հարաբերությունները, երկուսն էլ, ինձ թվում է, գիտակցելու են, որ յուրաքանչյուր ոք իր բնագավառում պետք է բարեխղճորեն աշխատի, հիմա թե անձնական ինչ հարաբերություններ կունենան ընտրություններից հետո, էդ իրենք գիտեն»,-ասաց Հունան Պետրոսյանը` նշելով, որ նրանք այս պահին նորմալ հարաբերությունների մեջ են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ