Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ կյանքից հեռանալը պետք է լավ ապրել

Մարտ 15,2012 22:02

 «Հորեղբայրս հաճախ էր բռնկվում, դյուրագրգիռ դառնում` այլևս չցանկանալով ապրել», – պատմում է հաշվապահ Ալլա Մանուկյանը: Ճարտարագետ Բաբկենն էլ հիշում է, թե ինչպես էր իր հայրը մինչ կյանքից հեռանալը տանջվում, սակայն ժպիտը երեսից չէր հեռանում: «Ապշում էի, թե որքան ուժեղ կարող էր լինել իմ հայրը..»:

Դեռևս հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ինչպիսին է մահացող  մարդու հոգեբանությունը և ինչպես է այն դրսևորվում: Սակայն, ինչպես շատ հարցեր, այն ևս միանշանակ պատասխան չունի:  Հոգեբաններն ու հոգեբույժներն ունեն իրենց մոտեցումն այդ հարցի շուրջ: «Ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ լիարժեք և բարի կյանք են ապրել: Ուստի ապրելուց հոգնած`գնում են հանգիստ և խաղաղությամբ: Ավելի քիչ երջանիկ են նրանք, ում համար մահը հիվանդություններից, խղճի խայթից, կյանքի դժվարություններից և անիմաստ հոգսերից ազատվելու տարբերակ է», – ասում է  հոգեթերապևտ Միհրդատ Մադաթյանը: Սակայն, ըստ վերջինի, ամենատանջվողներն նրանք են, ովքեր մահանում են հիվանդությունից, քանի որ հաճախ իմանում են իրենց հետագա ճակատագրի մասին:

«Ցավում եմ, որ կյանքը հավերժ չէ և մի օր պետք է հրաժեշտ տանք այս ժամանակավոր «կացարանին»: Բայց միշտ էլ բարձր եմ գնահատել այն մարդկանց, ովքեր ուժ են գտել իրենց մեջ և հաղթահարել մահվան և կյանքի այդ անբացատրելի շեմը, ովքեր լիարժեք են ապրել և նպաստել այլոց կյանքի երջանկությանն ու հարատևմանը», – ասում է 35-ամյա իրավագետ Իգոր Անիսիմովը:

Ըստ Միհրդատ Մադաթյանի` անհույս հիվանդների պարագայում դիտարկվում է մահացողների հոգեպաթոլոգիկ 10 տեսակ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են` տագնապային-դեպրեսիվ համախատանիշը (արտահայտվում է վախով, ընկճվածությամբ` մոտալուտ մահի մտքի նկատմամբ, որի ժամանակ շատերի մոտ նկատվում է սուիցիդալ վարքագիծ), դիսֆորիկ համախտանիշը (արտահայտվում է դյուրագրգռությամբ, շրջապատի նկատմամբ դժգոհությամբ, իրենց հիվանդությանը բերող պատճառների փնտրտուքով, բուժաշխատողների կամ հարազատների հասցեին հնչող մեղադրանքներով: Վարքագիծ, որի հիմքում  հաճախ ընկած է ճնշված տագնապը),  ասթենո-հիպոխոնդրիկ համախտանիշը (հանդիպում է հետվիրահատական շրջանում) և այլն: «Օրինակ`դեպերսոնալիզացիոն-դերեալիզացիոն հիվանդները բողոքում են իրականության զգացումի կորստից` ասելով, որ չեն զգում ոչ շրջապատը, ոչ էլ սեփական մարմինը: Նրանք հաճախ քնաբեր են պահանջում, թեպետ առանց դրա էլ հանգիստ են քնում: Իսկ Էյֆորիկ համախտանիշը հաճախ արտահայտվում է հետվիրահատական շրջանում `բարձր տրամադրությամբ և վիճակի, հնարավորությունների գերագնահատմամբ», – բացատրում է հոգեթերապեւտը:

Որքան էլ բարդ է հասկանալ, առավելևս ընդունել իրականությունը, այնուամենայնիվ մասնագետները  հորդորում են, որ արժե փնտրել ճանապարհներ` ապրելու և հնարավորինս վայելելու այս հրաշալի կյանքը:

Ելենա Չոբանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031