Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշել է այս անգամ վերընտրվելու դեպքում Ամասիայում ու Աշոցքում ջայլամի գործ դնել: Օրերս նա հանդիպել է լրագրողների հետ ու մանրամասն բացատրել այդ բիզնեսի եկամտաբերությունն ու սպասվելիք հաջողությունները՝ ակնկալելով, որ 10 տարի հետո Հայաստանը պիտի ջայլամի միս արտահանի:
Այսօր Aravot.am-ը նույն ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինքը ինչո՞վ է պատրաստվում գայթակղել իր ընտրողներին, ջայլամներին այլընտրանք ունի՞ եւ կարո՞ղ է մի բան էլ ինքը խոստանա բուծել: Պարոն Մարգարյանը ծիծաղեց. «Ես իմ նախընտրական ծրագրերն ու առաջարկները կներկայացնեմ իմ ընտրողներին քարոզարշավի ժամանակ»: Հարցին՝ այնուամենայնիվ, ջայլամ բազմացնելու գաղափարին ո՞նց եք վերաբերվում՝ պարոն Մարգարյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց՝ ասելով, որ «առաջարկ է, ժողովուրդն է որոշելու եւ գնահատական տալու մեր առաջարկներին»: Մենք փորձեցինք ճշտել՝ ձեր առաջարկներն ավելի՞ հետաքրքիր են լինելու, քան ջայլամի գաղափարը՝ պարոն Մարգարյան ասաց, որ ընտրողներն իր առաջարկներից համենայնդեպս չեն զարմանա. «Որովհետեւ իմ ընտրողները ժամանակին տեսել են, թե ինչքան եմ ես պայքարել ու ինչպիսի խնդիրներ եմ լուծել մասնավորապես Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում: Մի օրինակ բերեմ, կարծում եմ՝ կբավարարի բոլորին. գազաֆիկացման հարցը, մեր ընտրողները քաջածանոթ են, ինձ էլ լավ ծանոթ են: Ես կոռեկտ չեմ համարում ջայլամի կամ իմ մրցակիցների այլ ծրագրերին գնահատական տալ: Իմ քարոզարշավը կառուցված է լինելու այն բանի վրա, ինչ ես կատարել եմ եւ այն ինչ ես կատարելու եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ