Լրահոս
Օրվա լրահոսը

Թալեաթ փաշայի սպանության 91-րդ տարին հայ երիտասարդները նշում են մեծ ուրախությամբ

Մարտ 15,2012 21:26

 

Այսօր` մարտի 15-ին,  լրանում է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի սպանության 91-րդ տարին, ում գնդակահարել է  ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը: Նա առաջին եւ միակ մարդն է, ում սպանության համար դատավորներն արդարացրել են:

1921 թվականի դատավարության ժամանակ երդվյալներից մեկը հայտարարել է. «Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավոր է ամբաստանյալ Սողոման Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենգուրգում մի մարդ Թալեաթ փաշայի սպանության մեջ. ոչ»:

«Նոր Միտք- Ռենեսանս» երիտասարդական համահայկական կազմակերպությունը  (ԵՀԿ) այսօր համախմբել էր հայ երիտասարդներին եւ երթ կազմակերպել Ազատության հրապարակի` Պետական Օպերայի բակից մինչեւ Անկախության հրապարակ: Կազմակերպիչ Գոռ Գեղամյանն ասում է, որ ցանկացած երիտասարդ պետք է իր մեջ ունենա Սողոմոն Թեհլերյանի կերպարը եւ ցանկացած պահի պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը:

«Մենք այսօր 91-րդ տարեդարձին կազմակերպեցինք այս երթը, որպեսզի հայ երիտասարդին տեղեկացնենք ու հիշեցնենք Սողոմոն Թեհլերյանի մասին: Այսօր իրոք մեծ օր է, քանի որ 1.5 մլն. հայերի սպանած Թալեաթն ստացավ իրեն արժանի պատիժը: Մենք բոլորս պետք է հպարտանանք նման հայորդի ունենալու համար»,- ասում է նա:

Սանասար Գրիգորյանը, ով «Պատանի պատմագետների» ակումբի ղեկավարն է, հայտնում է.  «Հայ դատն աջացել է 1915 թ. ցեղասպանությունից անմիջապես հետո, երբ համաշխարային դատավորներն որոշեցին ոճրագործներին դատել` հանձին Թալեաթ փաշայի, Ջեմալ փաշայի եւ մնացածների: Հայ դատի ներկայացուցիչները հիմնականում դաշնակցականներ էին, որոնք համախմբվեցին «Նեմեսիս» խմբակցության շուրջ»:

Հիշեցնենք, որ «Նեմեսիս» խմբակցությունը  կազմվել է 1921 թվականին հայ քաջազունիներ Սողոմոն Թեհլերյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Երկանյանի եւ այլոց կողմից:

Մասնակիցներից Լիլիթ Պետրոսյանը, ով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի է ասում է, որ ոչ միայն եվրոպական երկրները, այլեւ մենք ինքներս պետք է քաջ գիտակցենք, որ մենք կորուսյալ հայրենիք ունենք ու պետք է վերադարձնենք այն:

Երթին մասնակցում է նաեւ Համազասպ պապը, ով միակ տարեց մարդն է հավաքվածների մեջ: «Պետք է հետեւողական լինել, մեզ մոտ մի հատ կրակում են ու մի կողմ քաշվում: Եթե այսօր ունենայինք մի տասը հոգի Թեհլերյան, մենք մի քայլ առաջ կգնայինք, կառավարությունն էլ կանոնավոր կլիներ»,- ասում է  Համազասպ Ասլանյանը:

Երթն ուղեկցվում էր «Գինի լից» և «Նժդեհի երգը» երգերով` մեծ ոգեւորություն առաջացնելով անցորդների մոտ:

Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031