ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր ամենօրյա մամուլի ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի Իրան կատարած այցին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հայկական ծառայության կողմից ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին ուղղված հարցում հիշեցրել է, որ Աբիևի Թեհրան կատարած այցի ընթացքում վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Ադրբեջանը պետք է օգտագործի ռազմական միջոցներ՝ իր տարածքը օկուպացիայից ազատելու համար», եւ Աբիևի այս պատասխանը չէր կարող մտահոգություն չառաջացնել հայերի շրջանում:
Ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե տեղյակ չէ այդ մասին:
Ավելի ուշ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունը տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ հրապարակվել է Կովկասում ռազմական ուժի կիրառման հնարավորության վերաբերյալ հարցի շուրջ ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնական դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Ըստ հաղորդագրության, մարտի 14-ին ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի հետ հանդիպման ընթացքում լրագրողներից մեկը հարց է ուղղել այն մասին, թե ինչպիսի՞ն է արտգործնախարարության արձագանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական լուծում գտնելու վերաբերյալ վերջերս հնչեցված մեկնաբանություններին:
Այս հարցին արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունում տրվել է պատասխան, որի համաձայն Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, պարտավորվում է շարունակել Արցախյան հակամարտության կողմերին տրամադրվող օժանդակությունը՝ հակամարտությանը տևական և խաղաղ լուծում գտնելու հարցում:
«Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Հորդորում ենք կողմերին նախապատրաստել բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից», – ասված է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրությունում:
Վիկտորիա Նուլանդն անդրադարձել է նաև Բաքվում Միացյալ Նահանգների և Իսրայելի դեսպանատների դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու կասկածանքով 22 մարդու ձերբակալության, որոնք մեղադրվել են Իրանի Հեղափոխական պահակազորի հետ կապեր ունենալու մեջ:
Արձագանքելով լրագրողի հարցին, Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետևում է այս զարգացումներին:
«Մենք համակարգում ենք այս տեղեկությունները Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության հետ: Ճիշտ ասած, դեռևս չունենք այս մարդկանց մասին ամբողջական պատկերը», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ձերբակալվել է 22 մարդ` Բաքվում Միացյալ Նահանգների և Իսրայելի դեսպանատների դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու կասկածանքով։ Կասկածյալները ձերբակալվել են դեռևս հունվար ամսին:
Նախարարությունն այսօր հայտնել է, որ բոլոր կասկածյալները Ադրբեջանի քաղաքացիներ են, և մեղադրել է նրանց Իրանի Հեղափոխության պահակազորի հետ կապեր ունենալու մեջ։