Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, Արաբկիր ոստիկանության օպերատիվ գծով պետի տեղակալ Արմեն Պողոսյանի եւ հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահան Խանզադյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Առաջին սենսացիան վերջին երկուսի միջնորդությունն էր՝ դատաքննությունը արագացված ընթացակարգով անցկացնելու մասին: Նրանք իրենց մեղավոր էին ճանաչում, իսկ դատավոր Արշակ Վարդանյանի հարցին էլ, գիտե՞ք, որ արագացված դատաքննության արդյունքում կայացված դատական ակտը չի բողոքարկվում, նրանք պատասխանեցին դրական: Թվում էր, թե նախաքննության ժամանակ որեւէ ցուցմունք չտված գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը չի համաձայնի արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդությանը, սակայն 10 րոպեով ընդմիջում խնդրելուց հետո, նա իր պաշտպանի՝ Վաղինակ Գեւորգյանի հետ դահլիճ մտնելով՝ ասաց. «Ես նախաքննոթյան ամբողջ ընթացքում չեմ խոչընդոտել եւ քանի որ իմ նախկին գործընկերները նման միջնորդություն են ներկայացրել, ես էլ եմ միանում, համաձայն եմ արագացված դատաքննության կարգ կիրառելուն:
Մեղադրանքի հետ համաձայն եմ»:
Իր դիրքորոշումը փոխեց նաեւ մեղադրող Հարություն Հարությունյանը, որը մեղադրական եզրակացությունը հաստատելու ժամանակ դեմ էր արտահայտվել արագացված դատաքննությանը եւ գործն ուղարկել էին դատարան: Մեղադրողը փոխեց իր դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Նա հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝
«2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաեւ իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու եւ հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց»:
Մեղադրողը նաեւ հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հովհ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված եւ 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:
Իսկ ամենաաղմկահարույցն այն էր, որ մեղադրողն այս գործով նշեց ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի անունը, որի խնդրանքով է, իբրեւ, Թամամյանը պարտակել այս հանցագործությունը:
Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաեւ, որ Հովհ. Թամամյանը կազմակերպել ու փաստացի ղեկավարել է 2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Ա. Ահարոնյանին եւ Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունները: Մասնավորապես` Վ. Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու եւ վերջինիս մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու նպատակով Հ. Թամամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. այն է` թաքցրել է իրեն հայտնի դարձած վերոհիշյալ հանցագործության կատարմանը Վ. Բաղդասարյանի մասնակցությունը եւ միջոցներ չի ձեռնարկել Խաչիկ Մկրտչյանի սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ի դեպ, դատարան ներկայացած վկաներին տեղեկացվեց արագացված դատաքննության անցնելու մասին դատարանի դիրքորոշման մասին:
Վերջին խոսքն ու մեղադրական ճառը՝ մարտի 20-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ