Ո՞ր կուսակցությունից կցանկանայիք առաջարկ ստանալ՝ պատասխանելով Aravot.am-ի այս հարցին, DJ Vakcina-ն նշեց. «Հիմա, որ ասեմ ՀՀԿ՝ կքննադատեք: Բայց երեք կուսակցության աշխատանք՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՄԻԱԿ բարձր եմ գնահատում: Այս երեքը իմ աչքին միշտ երեւացել են որպես երկրի վրա դրականորեն ազդող կուսակցություններ: Ես, սակայն, ավելի շատ հակված եմ դեպի ՀՀԿ–ն. շահամոլ չեմ եւ ուժի հետեւից չեմ գնում, պարզապես գաղափարապես ՀՀԿ–ին եմ մոտ: Ես ահավոր դեմ եմ մեր ընդդիմությանը, զուտ անձնական պատճառներով՝ սկսած այն վատ տարիներից, որը շատ ծանր է նստել թե իմ ընտանիքի, թե շատ այլ մարդկանց վրա: Երեւի դա է սրացրել այն, որ միշտ հակված եմ եղել դեպի իշխանությունները»: Դիտարկմանն էլ՝ մեր Ազգային ժողովին DJ պե՞տք է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր Ազգային ժողովին ոչ թե DJ է պետք, կամ հենց ես, այլ երիտասարդներ, քանի որ մեր երկիրը հենց երիտասարդներին է պատկանում: Երիտասարդների խնդիրներով զբաղվող, նրանց մասին մտածող, նրանց մոտ որոշ առումով հեղինակություն վայելող մարդիկ են պետք: Պետք է լինեն այդպիսի մարդիկ, որոնք կկարողանան երիտասարդների անունից խոսել, բարձրացնել նրանց հետաքրքրող հարցերը: Եվ իմ պատգամավոր դառնալու մասին բամբասանքների պատճառը նաեւ այն է, որ շատ երիտասարդներ ուզում են, որ իրենց խնդիրների մասին խոսվի ու ցանկություն ունեն ինձ այնտեղ (խորհրդարանում) տեսնել: Եվ հետո ես Ազգային ժողով չէի գնալու որպես DJ, այլ գնալու էի որպես մարդ, որը երիտասարդների ներսից է»:
DJ Vakcina-ն հայտնեց, որ ինքն անում է գործեր, որոնք պետք են ջահելներին. «Եվ այդ գործերը էլի կանեմ, թե որպես DJ Vakcina, թե որպես Արուսիկ Մկրտչյան՝ ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ վաղը կհասնե՞մ ԱԺ, թե՞ ոչ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
ՈՒրեմն դու էլ մեր ընդիմության ընդիմությունն ես: