Շրջանառվող լուրերի համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է դառնալու նաեւ DJ Vakcina-ն՝ նույն ինքը Արուսիկ Մկրտչյանը: Aravot.am-ը DJ Vakcina-ից փորձեց պարզել, թե որքանով են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: «Այդ ամբողջը բամբասանք է, որը միանգամից տարածվեց ու ամբողջ Հայաստանը սկսեց մտածել, որ ես համամասնական ցուցակով գնալու եմ պատգամավոր: Ասեմ, թե ինչու են նման լուրեր տարածվել. ես միշտ բնապահպանական, առողջապահական եւ այլ ակցիաներ եմ կազմակերպում տարբեր ՀԿ–ների հետ, միշտ իմ քաղաքացիական տեսակետն եմ արտահայտեում, վերջերս էլ ՀՀԿ–ի հետ իրենց միջոցառումների հատուկ հյուրն էի: Տարբեր տեղեր նշել եմ, որ հավանական է մտնեմ ՀՀԿ՝ այդ պատճառով էլ լրագրողները նման լուրեր են տարածել»,– ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե վարչապետն է հովանավորում իրեն, որովհետեւ երկրպագում է DJ Vakcina-ին ու սիրում նրա մատուցած երաժշտությունը՝ Արուսիկ Մկրտչյանը կրկին շեշտեց. «Դա բամբասանք է: Ես վարչապետի հետ ծանոթացել եմ բերքի փառատոնի շրջանակներում: Ինչ վերաբերվում է իմ երաժշտությունը սիրելուն, ապա նա բացառություն չէ ու ոչ էլ միակ մարդն է, որ սիրում է այն: Կոնկրետ այդ օրը, միջոցառման ժամանակ վարչապետը դրական կարծիք հայտնեց իմ մասին: Հաստատ ասել, թե վարչապետը երկրպագում է DJ Vakcina-ին՝ չեմ կարող, դա ինձ համար ճոխ կլինի. նա շատ լուրջ մարդ է»:
DJ Vakcina-ն նաեւ հավելեց, որ իրեն «կուսակցականացնելու» առաջարկներ շատ են եղել. «Ես այնպիսի մարդ եմ, որն իր կողքին ունի որոշակի թվով երիտասարդներ, որոնք փոքր թիվ չեն կազմում եւ սիրում են իմ կազմակերպած միջոցառումները: Ես կարող եմ ազդել նրանց կարծիքի ու որոշման վրա, բայց նմանատիպ քայլեր չեմ անում: Իմ հետեւից եկող բանակին էլ որեւէ կուսակցություն չեմ ուղորդում: Եթե օրինակ այդպիսի ամբիցիաներ ունենայի, ինքնաառաջադրվեի, մանավանդ շատե՛րն են ասում, որ հաստատ կընտրվեմ: Բայց հիմա նման բան չեմ անում, իմ պատգամավոր դառնալու ժամանակը դեռ չի հասունացել»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ