Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «ՀԱԿ-ում նաեւ իմ ագենտներն են» (Տեսանյութ)

Մարտ 15,2012 15:33

 Երեկ ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել էր, որ ժամանակին, երբ պատգամավորական մանդատը վայր է դրել՝ մթնոլորտը խորհրդարանում լավը չի եղել, հիմա ավելի լավ մթնոլորտ ունեցող խորհրդարան է սպասում: Այսօր Aravot.am-ը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից ասուլիսում հետաքրքրվեց, թե իր կարծիքով ԱԺ-ն ՀԱԿ-ի՞ համար բարենպաստ մթնոլորտ կունենա, թե՞ Հանրապետականի` նա պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը, ինչպես եւ բոլորս, լինելով ՀՀ քաղաքացի, միշտ էլ կարող է իր կարծիքը ասել: Դա իր անձնական կարծիքն է: ՀԱԿին նորմալ մարդը լուրջ չի վերաբերվի: Ցանկացած քաղաքական ուժի կարելի է, բայց ՀԱԿին ո՞նց կարելի է: Բոլորը բղավում են` այ, գործարարներին չի կարելի ԱԺ մտնել: Հլը մի հատ էդ ՀԱԿը նայեք, ծերից ծեր` առաջին համարից: Բացի 3-րդ համարից մնացածը սաղ գործարար են: Գործարար ասելով ի՞նչ եք հասկանում, ժողովուրդ ջան: Գործարարը մենակ կանֆետ կամ պաղպաղակ վաճառողը չի կամ ներկրողը: Գործարարը նաեւ էն մարդն ա, ով տարբեր գործարքների մեջ է մտնում տարբեր սպեցսլուժբեքից կամ հատուկ ծառայություններից»: Մեր հարցին` ՀԱԿ-ը դեռ ցուցակը չի ներկայացրել` ինչպե՞ս եք ծանոթացել դրան` նա պատասխանեց. «Ինչպե՞ս: Իրենք ուղարկում են, մինչեւ ես չեմ ստորագրում` չեն անում: Ես եմ իրենց ղեկավարում: Նաեւ իմ ագենտներն են այնտեղ»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, որ խորհրդարանական ընտրությունները վերածելու են արտահերթ ընտրության` պարոն Հայրապետյանը նշեց, որ ժամանակին ՀԱԿ-ի առաջնորդը նախագահական ընտրություններից առաջ անձամբ իրեն ասել է, որ իրեն հետաքրքիր է «հարամ» անել, խառնել. «Այն մարդիկ, ովքեր ղեկավարվում են դրսից կամ ինչոր պետությունների շահերն են կատարում մեր երկրում, ես նրանց ցանկացած ասածի շատ բացասական եմ վերաբերվում: Մեր ժողովուրդն այնքան խոհեմ է, մի անգամ սխալվել է` երկրորդ անգամ էլ կյանքում սխալ բան չի անի: Մենք գիտենք ՀԱԿը իրենից ինչ է ներկայացնում` հանած 1-2 մարդու` Արամ Սարգսյան, էնտեղ մի երկու հոգի էլ կա էլի: Հանած նրանց` մնացածը սաղ ագենտներ են այլ երկրների, կատարում են ուրիշ երկրների պատվերը»:

Երբ լրագրողներից մեկը, շփոթվելով Ռ. Հայրապետյանին պարոն Սուքիասյան կոչեց` վերջինս վիրավորվեց. «Պարոն Սուքիասյանը դու ես: Էդ գիտես չէ՞, հայհոյանք է: Չի կարելի էդպես ասել»:

Անդրադառնալով «Բջնիի» գործին` նա նշեց. «Բոլորդ էլ գիտեք ոնց է եղել, թող ազնիվ աշխատեին` չլիներ: Ո՞վ է ասել, որ ես ստիպված եմ եղել «Բջնին վերցրել: Ով էլ ասում է, որ ես ստիպված եմ եղել, որ իրենք սաղ կյանքները ինչոր մարդկանց ստիպելով ծառայել են կամ վախեցել են, գոնե իրենք հաստատ գիտեն, որ ես մանկուց, փոքր հասակից վախս հանած է: Ոչ վախենալ գիտեմ, ոչ էլ ինձ ստիպող կարող է լինի: Ինձ կարա մենակ ստիպի իմ հայրիկը, էն էլ չի անում»:

Նախորդ ընտրություններին Ռ. Հայրապետյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը շատ ավելի շուտ ասում էր, որ Էդիկ Գրիգորյանն է առաջադրվելու Հայրապետյանի փոխարեն: Դիտարկմանն ի պատասխան՝ դուք դրանից հետո հայտարարեցիք, որ առաջադրվելու եք, հետո ասացիք, որ չէ` դա PR էր, Հայրապետյանը հեգնեց. «Իգիթյանն ո՞վ է: Իմ դեմ մարդ չի եղել նախորդ ընտրություններին: Հա լավ, Իգիթյանին համարում եք հակառակո՞րդ, անհարմար է, վիրավորում եք, երեխեք ջան: Իգիթյանն ինքն իրան հակառակորդ չի կարա լինի, նա կանգնում է հայելու դեմը, էդ հայելու պատկերին հակառակորդ չի: Ինչ վերաբերում է Էդիկ Գրիգորյանին` ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, որը PR-ով երբեք չի զբաղվում: Հակառակը, ես իմ արածները միշտ փորձել եմ նույնիսկ գրել ուրիշ մարդկանց վրա: Բացառվում է, որ PR-ի համար եմ նման հայտարարություն արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031