Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիային» 6 ամիս ժամանակ են տվել՝ $5 միլիոն 300 հազար պարտքը մարելու (տեսանյութ)

Մարտ 15,2012 15:16

«Արմավիա»-«Զվարթնոց» 4 օր տեւած բանակցություններն այսօր առավոտյան ավարտվել են համաձայնագրի ստորագրմամբ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերությունը, ընդառաջ գնալով «Արմավիայի» պահանջին, այնպիսի սակագներ է կիրառելու, ինչը, ԱՄՕ-ի պատասխանատուների խոսքերով, գրեթե չեն տարբերվելու «Արմավիայի» առաջարկած սակագներից: Սակայն, ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, եթե «Արմավիան» չկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ օդանավակայանին ունեցած 6 ամսվա պարտքի մարումը, ապա ԱՄՕ-ն համաձայնագիրը կխզի: Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը օդանավակայանին, ներկայիս դրությամբ, պարտք է $5 միլիոն 300 հազար: Սույն համաձայնագրով պարտքի մարման ժամանակացույց է սահմանվել 6 ամիսը: Գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանի խոսքերով, մոտ օրերս «Արմավիայից» ակնկալում են առաջին վճարումները:

Ավիաընկերությունը խոստացել է նաեւ կարճ ժամանակում զարգացման նոր ծրագիր ներկայացնել, որով օդանավակայանին շատ ուղեւորներ կբերի: ԱՄՕ-ի պայմաններից մեկն էլ՝ տարանցիկ ուղեւորներ ապահովելն է: Անդրանիկ Շխյանի ներկայացմամբ. «Մեր օդանավակայանը մինչ այսօր չունի որեւէ տրանզիտ ուղեւոր, մինչդեռ նրա ավիաընկերության հիմնական խնդիրն այդ պետք է լիներ, մեր օդանավակայանը նախատեսված է 3, 5 միլիոն ուղեւորի համար, այնինչ՝ այսօր ընդամենը դրա կեսն ունենք»:

«Արմավիային» ընդառաջ գնալը պարոն Շխյանը նաեւ մեկնաբանեց «ուժեղ ավիացիոն բիզնես» ունենալու «Զվարթնոցի» ակնկալիքով:

Հարցին, թե «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, համեմատելով տարածաշրջանի օդանավակայանների եւ եվրոպական մի շարք երկրների օդանավակայանների սակագները, հայտարարում է, որ ամենաթանկը «Զվարթնոց»-ինն է, Մարսելո Վենդեն ասաց, որ մեր օդանավակայանի մատուցած ծառայությունների որակը տարածաշրջանում եղած օդանավակայաններից ամենաբարձրն է եւ այդ պատճառով է գնային տարբերությունը. «Եվրոպական շատ երկրներում շատ ավելի թանկ են մեր օդանավակայանի սակագներից: Եվ, առհասարակ, համեմատություն անելը այդ երկրների հետ ճիշտ չէ, քանի որ ուղեւորահոսքերի ահռելի տարբերություն կա: Մեզ համար անընդունելի է, որ ավիաընկերությունը ֆինանսական խնդիրների մեղքը մեզ վրա է բարդում, օդանավակայանը շատ փոքր մասն է կազմում ավիաընկերությունների ծախսերի մեջ: Բացի այդ, մենք էլ շատ պարտավորություններ ունենք. 3 բանկերից վարկ ենք վերցրել օդանավակայանի շինարարության համար, եւ այդ պարտքը պետք է մարվի»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031