Aravot.am-ը «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է տրամաբանված Գյումրու մանկատան չափահաս դարձած սաներին սոցիալական բնակարաններ հատկացնել Մարալիկում, այլ կերպ ասած՝ նրանց մեկուսացնել ու տեղափոխել մի քաղաք, որի միջավայրը` վարքերն ու բարքերը անծանոթ են սաների համար: «Կյանքը ցույց տվեց, որ նույն խավին պատկանող կամ նույն խնդիրներն ունեցող ընտանիքների համար առանձին, մեկուսացած թաղամաս չեն ստեղծում, դա ֆաշիստական Գերմանիային յուրահատուկ սովորություն էր: Երկրաշարժից հետո, երբ Գյումրիում կառուցվեց Ավստրիական թաղամասը, ու բոլոր հաշմադամներին տարան այնտեղ, սարսափելի պատկեր էր այդ թաղամասում: Փառք Աստծո, տարիների ընթացքում մարդիկ բնակարանները վաճառեցին, տեղափոխվեցին: Խոսում ենք խոցելի խմբերի ինտեգրացման մասին, բայց մարդկանց տանում–առանձնացնում ենք ինչ–որ տեղ: Մարալիկում սոցիալական թաղամաս ստեղծելու գաղափարը շատ հիմար ու անկապ մի ծրագիր է. ծնողազուրկ երեխաներին տանում են նույն թաղը, պատկերացրեք՝ ինչ հոգեբանություն կլինի թաղի բնակիչների մոտ ու ինչ գնահատականներ կլինի հասարակության կողմից: Դա անհեթեթություն է: Պետությունը պետք է տարբեր բնակարաններ գնի տարբեր շենքերում, տարբեր հասցեներում, մնում է , որ պարսպապատեն ու ասեն` սա մանկատան շրջանավարտների թաղն է», -ասում է Վահան Թումասյանը` նմանեցնելով տարիներ առաջ Գյումրու Տեքստիլագործների թաղամասում ռուս աղջիկների բնակության վայրին` հանրակացարաններին, որը հայտնի էր «Տեքստիլի ֆեզե» անունով:
Մեր զրուցակիցը նաև ապշում է, որ մանկատան շրջանավարտներին Գյումրիից տանում-հասցնում են Մարալիկ`անծանոթ մի քաղաք: «Մարդն ի՞նչ պիտի անի Մարալիկում` ոչ աշխատանք, ոչ բան, իր ամբողջ կյանքն ապրել է Գյումրիում, իր հարազատ քաղաքն է, հո հարազատը միայն ծնողներ ուենալով չէ՞, հարազատը հարևաններ, բարեկամներ, հարազատ քաղաք, փողոց ունենալն է նաև», -ասում է Վահան Թումասյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ