«Հայաստանում վերջին երկու տասնամյակում անցկացված ընտրությունները եղել են մի պրոցեդուրա, որը ոչ մի կապ չունի ընտրության, կամ ժողովրդի հետ»,- այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Բանախոսի կարծիքով՝ հայ հասարակությունն իրականում ընտրություն կատարել է միայն 1988-ին:
Պարոն Մանուչարյանը կարծում է, որ Հայաստանում այժմ իսկական ընտրություն են կատարում այն երիտասարդները, ովքեր պայքարում են երկրում ինչ-որ բան փոխելու համար: Որպես օրինակ՝ նա բերեց «կանաչներին», «Սարդարապատ» նախաձեռնության երիտասարդներին: «Երիտասարդները պայքարում են ընդդեմ կյանքը առևտրի վերածելու: Եթե մենք օգնենք նրանց, երիտասարդները կարող են մոբիլիզացնել հասարակությանը, ինչի արդյունքում շարժումը կվերածվի նոր 1988-ի»,-համոզված է Ա. Մանուչարյանը:
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անելիս Ա. Մանուչարյանը նշեց. «Այս ընտրություններում գնալու է տեսակների պայքար: Մի տեսակը պետությունը փակ բաժնետիրական ընկերության վերածած խումբն է, մյուս տեսակին պատկանում են այն մարդիկ, ովքեր իշխանությունը և պետությունը տեսնում են՝ որպես ծառայության վայր»:
Պարոն Մանուչարյանը վստահ է, որ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին անպայման միջամտում են դրսի ուժերը, որոնց ծառայում են մեր օլիգարխները: «Օլիգարխները կրում են միայն փողի ու հնարավորությունների փիլիսոփայությունը: Ուստի ամեն վայրկյան նրանք պատրաստ են փոխել դրսի յուրաքանչյուր ուժի, մեկ այլ ուժով, որը նրանց ավելի մեծ հնարավորություններ խոստանա»: Օլիգարխների՝ ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցնելու երևույթն էլ պարոն Մանուչարյանն այսպես մեկնաբանեց. «Թե ինչ կարգով է փողը անցել խորհրդարան, դրանից քիչ բան է փոխվում»: Ա. Մանուչարյանը հայտարարեց, որ եթե ՀՀ-ում քաղաքական գործընթացները շարունակեն այս տեսքով զարգանալ, ինքը չի մասնակցի դրանց:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ