Մաշտոցի այգում կրպակների ապամոնտաժման պահանջով կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարներն այսօր բանավեճի մեջ մտան ոստիկաններից մեկի հետ: Ցուցարարները ոստիկաններին՝ ոստիկաններն էլ նրանց էին համարում Հայաստանի Սահմանադրության իրավախախտներ:
Ոստիկաններից մեկը հավաքվածներին հիշեցրեց, որ հավաքների մասին օրենքով չի թույլատրվում կառավարության ու Ազգային ժողովին հարող տարածքներում աղմուկով զուգորդված ցույց անցկացնել: «Հերիք չէ՞, օրենքը խախտեք: Դուք իրավական դաշտից դուրս եք գալիս»,- ցուցարարներին հարցրեց ոստիկանը ու պահանջեց դադարեցնել ցույցը: Ցուցարարներն էլ հարցրին. «Իսկ ձեզ օրենքը թո՞ւյլ է տալիս խաղաղ ցույցը խոչընդոտել»: Ոստիկան-ցուցարար երկխոսության ընթացքում կողմերը չեկան ընդհանուր հայտարարի, ու ոստիկանները հանգիստ թողեցին հավաքվածներին:
Ցույցը շարունակվեց մինչեւ կառավարության նիստի ավարտը: Ոչ քաղաքապետը, ոչ էլ նիստին ներկա փոխոստիկանապետը ցուցարարների հետ բակում չհանդիպեցին:
Ցուցարար Ապրես Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե օպերատիվ հետախուզական տվյալներով՝ քաղաքապետը դուրս է եկել կառավարության շենքի հետեւի մուտքից, եւ կոչ արեց իրենց խաղաղ ցույցը շարունակել Մաշտոցի այգում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ցուցարարներն այսօր կառավարության շենքի առջեւ նաեւ պահանջում էին պատժել այն ոստիկաններին, որոնք երեկ այգում խոչընդոտել են իրենց խաղաղ ցույցը, քանդել ցուցարարների վրանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ