Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլիվուդյան Non-Stop՝ երեւանյան բուհերում

Մարտ 15,2012 13:39

Երիտասարդական նվագախումբը ամերիկյան կինոերաժշտություն կմատուցի

Քերին Ռոբլին եւ Սերգեյ Սմբատյանը ոգեւորված են հայ-ամերիկյան համատեղ նախագծով:

Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քերին Ռոբլին հրավիրել էին մամուլի ասուլիս: Բանախոսները տեղեկացրին, որ այսօրվանից մինչեւ մարտի 27-ը Երեւանի 8 բուհերում կանցկացվի «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ՝ «Hollywood Non-Stop» նախագիծը:

Սերգեյ Սմբատյանը նշելով, որ կայանալիք համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, մանրամասնեց. «Նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան հայտնի ֆիլմերի («Կնքահայրը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Վեսթսայդյան պատմություն», «Մատանիների տիրակալը» եւ այլն) համար գրված Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի, Նինո Ռոտայի, Հովարդ Շորի եւ այլ նշանավոր դեմքերի երաժշտության մեկնաբանմամբ»: Քերին Ռոբլին էլ ասաց, որ այս համատեղ ծրագիրն ունի մեկ նպատակ՝ բարձրարվեստ երաժշտությամբ հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել եւ հաղորդակից դարձնել ամերիկյան երաժշտարվեստին: Բանախոսները վստահեցրին, որ այս ծրագիրը մտադիր են նաեւ ներկայացնել Հայաստանի մարզերում:

«Առավոտի» հարցին, թե կազմակերպելով հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտության փառատոն հայ երիտասարդների համար՝ նպատակահարմար չե՞ն գտնում Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտին Վարդազարյանի, Յուրի Հարությունյանի եւ մյուսների՝ ֆիլմերի համար գրված երաժշտության միջոցով ամերիկացի երիտասարդներին էլ ծանոթացնել հայկական 87-ամյա կինեմատոգրաֆիային, տիկին Ռոբլին նախ փաստեց, թե ամերիկացիները ինչ-որ չափով, հիմնականում Սփյուռքի միջոցով, ծանոթ են հայկական ֆիլմարտադրությանը, հետո էլ հավաստիացրեց, որ իրենք ունեն նման մտադրություն:

Հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, չունեն մշակույթի նախարարություն: Այդ դեպքում ի՞նչ սկզբունքով եւ ինչպե՞ս է իրականացվում մշակութային քաղաքականությունն ու այդ դաշտի կառավարումը: «Իմ երկրում մշակութային քաղաքականությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները կամ մասնավոր կազմակերպությունները»,- հակիրճ պատասխանեց Քերին Ռոբլին:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում քանիցս նշվեց հայ-ամերիկյան համատեղ նախագծի հովանավորի անունը՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031