Լրահոս
Օրվա լրահոսը

Անջելինա Ջոլիի վարտիքից մինչեւ 500-ամյա գրատպություն

Մարտ 15,2012 13:35

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարի Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հայտարարվել, գլխավոր միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին՝ Գրքի ու հեղինակային իրավունքի միջազգային օրը: Նաեւ սկսել են ինչ-ինչ ակցիաներ իրականացվել գրատպության 500-ամյակի շրջանակներում: Արդյոք այսօր քարոզվո՞ւմ է գիրքը, եւ կա՞ համապատասխան մթնոլորտ, երբ Հայաստանի Հանրապետությունում հատուկենտ գրախանութներ են գործում:

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը իրավիճակը արտառոց է որակում: «Գրախանութ կարող է բացեն, բայց գնորդներ չլինեն, որովհետեւ նախ՝ մթնոլորտ պիտի ձեւավորվի, գրքի նկատմամբ սեր, ընթերցասիրություն պիտի ունենան մեծից փոքրը, փոքրից մեծը: Այդ ամենի բացակայությունն է պատճառը, որ գրախանութը փակվում է ու պահանջված չէ»,- ասում է լեզվաբանը ու հավելում, որ գրքի քարոզչությունը պետության մշակութային քաղաքականության առանցքում պետք է լինի: Նա ցավով փաստում է. «Տասնյակ բուհեր ու համալսարաններ ունեցող մայրաքաղաքը փաստորեն գրքի կարիք չի ունենում, չի խրախուսվում գրագիտությունը, կրթված մարդիկ պետք չեն երկրին, խաղատներ՝ որքան ուզեք, սրճարաններ, ճաշարաններ, խանութներ՝ նույնպես: Մարդիկ դարձել են առեւտրամոլ, իսկ խանութը մշակութային հաստատություն չէ: Օրինակ՝ «Էդիթ պրինտը» գրախանութ է բացել, բայց թաղամասեր ունենք, ուր գրքի հետք անգամ չկա: Փարիզում, Սենայի ափին գրավաճառ կրպակներ կան, մեզ մոտ գրախանութ մտնելու կուլտուրան էլ է կորել. եթե գիրք է պետք լինում, մարդիկ վազում են Երիտասարդական մետրոյի գետնանցում՝ գրախանութի սովոր չեն»:

Գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում փաստում է. «Գրախանութների հանդեպ պետության մոտեցումը ոչնչով չի տարբերվում մշակութային մնացած հարցերի վերաբերյալ մոտեցումից: Իբրեւ պառճառ նշվում է այն, որ պետությունն ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու: Մինչդեռ նույն սղության պայմաններում էլ հնարավոր է ավելի որոշակի եւ դրական դարձնել վերաբերմունքը գրատպությանը, գրքին»: Գրողը զայրանում է, որ հեռուստատեսությամբ ամեն ինչ գովազդվում է, բացի գրքից՝ դա այսօր շահավետ չէ. «Հիմա ինչ ասես ցույց են տալիս՝ Անջելինա Ջոլիի վարտիքից բռնած մինչեւ Շակիրայի կրծկալը, իսկ ինչո՞ւ չի կարելի գրքի մասին խոսել: Ի վերջո գիրքը կրթական համակարգի մեջ ուրույն տեղ ունի, եթե մենք չենք գովազդում այն, ուրեմն չենք գովազդում կրթությունը, եթե կրթությո՛ւնը չենք գովազդում, գովազդում ենք ծանծաղ, մակերեսային, գողական, անբարո այն ամենը, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Սրան գումարվել է նաեւ գրախանութների ջարդը. այնպիսի վիճակի մեջ դրեցին գրախանութները, որ մրցակցության չդիմանան կոշիկի կամ ներքնազգեստի խանութների հետ: Ախր գրախանութը ժամանակին մշակութային կենտրոնի նման մի բան էր, մարդիկ հավաքվում էին, որեւէ գիրք էր քննարկվում: Հիմա մի գրախանութ կա Սարյան փողոցի վրա, ուզում է էդպիսի փորձ անել, բայց դրա համար էլ ընդհանուր մթնոլորտ չկա: Ժամանակն է, որ պետությունը գրքին աջակցելու որեւէ գործառույթ վերցնի իր վրա»:

Բանաստեղծ Վահե Արսենի համոզմամբ՝ մի երկրում, որտեղ գլխավոր հեռուստատեսությունը ողջ օրը ցույց է տալիս անճաշակ եւ զոմբիացնող սերիալներ, խոսել Գրքի մայրաքաղաքից, անտրամաբանական է. «Գրքի մայրաքաղաքում խոսքը պետք է արժեք ունենա, մինչդեռ Երեւանում այսօր միակ եւ ինքնաբավ արժեքները փողն ու իշխանությունն են: Գիրքը հոգեւորի կրիչն է եւ նրա դեսպանը մարդու հոգում, ցավոք, այսօրվա հայաստանցին լիովին հեռացել է գրքից ու արվեստից առհասարակ: Նրան նախ պետք է վերադարձնել հոգեւորի աշխարհ, հետո նոր՝ Հայաստանի մայրաքաղաքը հայտարարել խոսքի եւ մտքի մայրաքաղաք, դրանից հետո էլ՝ գրքի»:

«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ. «Գրքի մայրաքաղաք միջոցառումը կամ այդ կոչումը կրելը օլիմպիական խաղերի անցկացման անալոգն է: Մինչ իրենց երկրներում օլիմպիադաների կազմակերպումը՝ պետությունները սպորտային խաղերի դեպքում կառուցում եմ մարզահամալիրներ, սպորտաձեւերն են զարգացնում: Եվ միջոցառումներն իրականացնելուց հետո այդ ամենը մնում է պետությանն ու ժողովրդին: Գրքի մայրաքաղաքի դեպքում գրեթե ոչինչ չենք արել: Ոչ էլ կառուցել ենք համալիրները, որոնք տվյալ պարագայում պետք է լինեին գրախանութների տեսքով»: Պարոն Մարտիրոսյանը նշեց մի շարք պատճառներ, որոնք չեն խթանում ընթերասիրությունը եւ «խփում» են գրական մթնոլորտին, օրինակ՝ թեկուզ այն, որ երիտասարդների համար հաջողության հասնելու ճանապարհը ոչ թե իր գիտելիքն ու հմտություններն են, այլ քավոր-սանիկ-բարեկամ գործոնը, կաշառքը, գիրքը «ճկվել» է հարկերի ծանրությունից: Մեր զրուցակիցը փաստում է, որ Վրաստանը օրենքի ուժով կարողացել է նման բաներից ձերբազատվել, ու հիմա այնտեղ գրական «բում» է: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ գրական մթնոլորտ ունենալուց առաջ պիտի թարգմանչական մեծ աշխատանք տանել, ինչի հետ կապված մշակույթի նախարարի հետ համատեղ ծրագիր ունեն՝ աշխարհի 200 ամենամեծ գրողներին թարգմանել հայերեն: «Անտարեսի» տնօրենը որոշ դրական միտումներ էլ նշեց. մի դեղատնային ցանց եւ մի խանութների ցանց համաձայնել են իրենց սրահներում գրքեր վաճառել, մի բանկ թողարկում է կրեդիտ քարտեր՝ գիրք գնելու համար, մի ընկերություն էլ պատրաստ է Հայաստանի որոշ քաղաքներում տիպային գրախանութներ բացել: Բայց այս ամենի կողքին, Արմեն Մարտիրոսյանի ասելով. «Դասագրքերը գրախանութների միջոցով չեն տարածվում, դա բերում է նրան, որ հայաստանցի սպառողը, ծնողը չի այցելում գրախանութ, չի ծանոթանում վերջինիս նորություններին»: Նրա խոսքով՝ այսօր գրախանութ է մտնում ՀՀ քաղաքացիների 3-5%-ը, իսկ դեղատուն՝ 50%-ից ավելին: Սուպերմարկերտների ցանցերից մեկը համաձայնել է գիրք վաճառել իր սրահներում՝ գրահրատարակիչների համար ոչ շահավետ պայմաններով՝ 300 հազար դրամ մեկ գրադարակ զբաղեցնելու համար, մեկ ուրիշն էլ ցանկանում է 100% ավելացնել հրատարակչի սահմանած արժեքին, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները սոցիալապես ոչ բարվոք վիճակում են: Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ կազմակերպություններից մեկը հայտարարել է, թե իր համար ավելի շահավետ է երշիկ կամ զուգագուլպա, քան գիրք վաճառելը. «Դա խոսում է այն մասին, որ էդ երիտասարդը չի ստացել կրթություն, չի շփվել գրքի հետ, այլապես չպիտի համեմատեր երշիկը գրքի հետ: Գիրքը միայն ապրանք չէ՝ հոգեւոր արժեք է: Այդ նույն սուպերմարկետը վաղը չի ունենալու գրագետ աշխատակից, որովհետեւ դիցուք 10 տարի առաջ չի վաճառել գիրք»: «Անտարեսի» տնօրենի ասելով՝ այսօր 82 պահանջված լեզուներից չունենք թարգմանիչներ, ու այդ հարցով նամակներ են ուղարկվել մշակույթի եւ ԿԳ նախարարություններ: Տարբեր երկրներ ֆինանսավորում են թարգմանիչների պատրաստումը, բայց ճանապարհածախսը եւ կեցությունը չեն հոգում, գոնե այս հարցում 2 նախարարությունները կամ կառավարությունը միջամտեն:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ երեկ էլ վարչապետի մոտ է եղել ու իր մի մտահոգությունը փոխանցել կառավարության ղեկավարին. «Այսօր շատ կարեւոր են էլեկտրոնային գիրք կարդացող սարքերը: Հասկանալի է, որ Հայաստանի միջին քաղաքացիները հնարավորություն չունեն գնել դրանք, բայց մենք ունենք պոտենցիալ 4 մլն սարք՝ բջջային հեռախոսները: Հարավային Կորեան ունի հրաշալի փորձ՝ իր քաղաքացիները բջջային հեռախոսներով կարդում են գրքեր տարբեր ծրագրերի միջոցով, սակայն Հայաստանում դա հնարավոր չէ: Մեր բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ շփվել իրար հետ հայերենով, խախտված է: Այսօր հայերեն sms հաղորդագրությունները մեկ բջջային հեռախոսից մյուսին հնարավոր չէ ուղարկել, օպերատորները այդ հնարավորությունը չեն տալիս: Սա ոչ միայն մշակութային վտանգ է, այլեւ Սահմանադրության խախտում եւ հանցանք»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031