Աշխարհի տարբեր երկրներում լրագրողների նկատմամբ տարեկան բռնությունների հարյուրավոր դեպքեր են գրանցվում:
Այդ մասին Աղվերանում Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած լրագրողների անվտանգությանը, իրավունքներին եւ ստանդարտներին նվիրված սեմինար-քննարկման ժամանակ ասաց «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» ծրագրի համակարգող Ադրիեն Քոլլինը:
Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում գործող «Լրագրողների միջազգային ֆեդերացիան» լրագրողների սոցիալական եւ մասնագիտական իրավունքները պաշտպանող կառույց է: «ԺՄՖ-ն արձագանքում է լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մասին տարբեր երկրներից ստացված զեկույցներին, ուսումնասիրություններից ու փաստերը ճշտելուց հետո միջազգային հանրությանը դեպքին տեղեկացնելու նպատակով այն տարածում է շուրջ 3000 լրագրողի, ապա բռնության ենթարկված լրագրողին անհրաժեշտ օգնություն տրամադրում»,- պարզաբանում է Քոլլինը:
Նա նշում է, որ ֆեդերացիայում լրագրողների դեմ գրանցված բռնությունները տարբեր բնույթի են՝ ծեծ, նկարահանելու արգելք, սպառնալիք, վիրավորանք, առեւանգում, սպանություն, դանակահարություն, անհայտացում, ձերբակալում, կալանք, ճնշումներ, ահաբեկում, տեղեկատվության ազատության սահմանափակումներ, անազնիվ մերժումներ եւ այլն:
Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Իրաքը, Մեքսիկան այն երկրներն են, որտեղ լրագրողների սպանության ամենաշատ դեպքերն են արձանագրվում: Առեւանգումների թվով առաջատար են Սոմալիի Հանրապետությունը, Պակիստանն ու Մեքսիկան:
«Դեպքերին տեղյակ լինելը նաեւ տվյալ երկրում գործող Ժուռնալիստների միության հզոր լինելու արդյունքն էլ է: Ամեն տեսակի բռնարարքների դեպքում, օրինակ, ՌԴ ժուռնալիստների միությունը արձագանքում է, ակտիվ են»,- նշված երկրներում բռնարարքների թվի ցուցանիշների բարձր լինելու պատճառների մասին է պատմում Քոլլինը:
Սակայն նա նշում է, որ բռնությունների 90 տոկոսը այդպես էլ մնում է չբացահայտված:
Նա հիշում է 2009 թվականին Ֆիլիպիններում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ 29 լրագրող եւ 1 պետական պաշտոնյա էր սպանվել: «Ճիշտ է, սպանողները բանտարկվեցին, սակայն մինչ օրս կազմակերպիչները բացահայտված չեն»,- բռնության դեպքի մասին է պատմում ծրագրի համակարգողը:
Ի տարբերություն այլ երկրների, Քոլլինի խոսքերով, Բելգիայի Թագավորությունում լրագրողների իրավունքները օրենսդրական մակարդակով են պաշտպանված: «Արդյունքում՝ լրագրողների նկատմամբ բռնությունները սակավ են, սակայն այդ դեպքում էլ ոստիկանները պրոֆեսիոնալ են աշխատում: Մենք հարգում ենք ԶԼՄ-ների անկախությունը, իրավունքները»,- եզրափակում է Ադրիեն Քոլլինը:
Սեմինար-քննարկման արդյունքում Հայաստանը՝ ի դեմս Հայաստանի ժուռնալիստների միության, հնարավորություն ունի լրագրողների դեմ կիրառված բռնությունների մասին ահազանգելու ԼՄՖ:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ