Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի անօթեւաններին գլխառա՞դ են անում

Մարտ 15,2012 13:24

Այս քաղաքի բնակիչների բնակարանային խնդիրները դեռ վերջնականապես չլուծած՝ ՀՀ կառավարությունն այս հարցը փակված է համարում:

Գյումրիի մի խումբ մտավորականներ՝ մոտ 30 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, երեկ «կլոր սեղան» կազմակերպելով, դիմում-ուղերձ հղեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետին՝ պահանջելով եւս 1200 բնակարան կառուցել երկրաշարժից հետո ավերակների վերածված քաղաքում: Սոցիալական հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի պարզաբանմամբ՝ բանն այն է, որ ՀՀ կառավարությունը Գյումրիում 2800 բնակարան կառուցելով, այլեւս նպատակ չունի բնակարանաշինությունը շարունակելու, ավելին՝ որոշել է մինչեւ 2013 թվականը վերջակետ դնել այս խնդրին:

«Իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների ու պատգամավորների խոսքերից գիտե՞ք՝ ինչ ենք նկատել՝ ցանկություն կա տպավորություն ստեղծելու, որ անօթեւանության խնդիրը Գյումրիում փակված է»,- ասում է Վահան Թումասյանը: Սակայն, նրա ամենամեղմ հաշվարկներով, Գյումրիում դեռեւս 1200 բնակարանի կարիքավորներ կան, որոնք շահառու չեն ճանաչվել տարբեր պատճառներով, ասենք՝ չեն կարողացել հայթայթել պահանջվող փաստաթղթերը: Բնականաբար՝ նրանք նույնպես ապրում են խարխուլ, դարն ապրած տնակներում եւ գլխներին տանիք ունենալու իրավունք ունեն: Գյումրեցի մտավորականներին մասնավորապես վրդովեցրել էր այն, որ հայրենի կառավարությունը, բնակարանաշինության թեման փակված համարելով, մտադրվել է մյուս անօթեւանների հարցերը լուծել նրանց բնակարանային գնման վկայագրեր (ԲԳՎ) հրամցնելով: Նշենք, որ սա, ըստ գյումրեցիների, «սարսափելի» մի ծրագիր է. պետությունը, անօթեւանին որոշակի գումար տալով, փողոցներ է գցում՝ տուն գտնելոււ բարդ գործը նրա ուսերին դնելով: Եվ քանի որ պետության հատկացրած գումարը, որպես կանոն, չի բավարարում բնակարան ձեռք բերելու համար, մարդիկ ճարահատյալ հրաժարվում են ԲԳՎ ծրագրից:

«Կլոր սեղանի» մասնակիցների կարծիքով՝ սրանով պետությունը նպաստում է նաեւ արտագաղթին՝ շատերը, ԲԳՎ-ի փողը ստանալով, ոչ թե բնակարան են ձեռք բերում, այլ լքում են երկիրը: Վահան Թումասյանի ներկայացմամբ, ԲԳՎ-ների արդյունավետությունը 20-25 տոկոս է: Երեկ նամակագիրները բնակբաշխման հանձնաժողովից պահանջում էին նաեւ վերջ դնել զավեշտալի բովանդակությամբ փաստաթղթերի ձեռքբերմանը, օրինակ՝ եթե շահառուն սխալվի ու չամուսնանա, ապա նրան զագսերն են գցում, թե գնա՝ թուղթ բեր, որ դու ամուսնացած չես:

«Պետությունը անօթեւաններին պիտի ազատի լրացուցիչ չարչարանքներից, 2-3 կիլոգրամի չափով թուղթ ուզելու փոխարեն՝ իրենք պետք է ճշտեն անօթեւանների տվյալները, էս մարդկանց ավելորդ քաշքուկների ու վազվզոցի մեջ են գցում, ահռելի էներգիա են ծախսում, բայց 25 տարի է՝ էս մարդիկ դրանով են զբաղված»,- ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Վահան Թումասյան էլ հավելեց. «Պետությունը պարտք է Գյումրի քաղաքին, 23 տարի բոլոր իշխանությունները հսկայական վնաս են հասցրել այս քաղաքի բնակիչներին՝ թողնելով այն ծանր պայմանների մեջ, մարդիկ հազարավոր հիվանդություններ են ձեռք բերել՝ նյարդեր ու առողջություն քայքայելով, մարդն ասում է՝ եթե ինձ բնակարան չէիք տալու, շուտ ասեիք, ես գնայի նորմալ ապրեի, ես չեմ ուզում լքել իմ երկիրը, 23 տարի սպասել եմ, հիմա գալիս ասում եք՝ գիտեք ինչ՝ բնակարան չես ստանալու: Թող տպավորություն չստեղծեն, թե բնակարանաշինությունն ավարտել են, ծածկադմբոց անելով չէ»: Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն էլ՝ Անուշավան Պապիկյանը հիշեց «Շիրակի դավաճան մարզպետներից» մեկին՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանին, որը կառավարությանը շփոթության մեջ էր գցում՝ հակաճառելով Գյումրու քաղաքապետին ու պնդելով, որ Գյումրիում 5000-6000-ի փոխարեն՝ 1500 անօթեւան կա:

«Այն, որ բնակարանաշինությունը Գյումրիում երկարաձգվեց, նման մարզպետների շնորհքն էր»,-նեղսրտեց քաղաքապետարանի պաշտոնյան: «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահն էլ ասաց. «Տնակային ավաններում ինչ ասես չես տեսնի՝ անչափահասների թրաֆիքինգ, նարկոմանիա, սա նորմալ պետության պատկե՞ր է: Եթե մարդուն տարիներ շարունակ տուն չեն տալիս, աշխատանք չունի, բայց զրկում են նպաստից, նման իրավիճակում էդ մարդը կարո՞ղ է հայրենասեր լինել: Թողնես մարդկանց բոմժ անվանեն: Եթե ցանկացած պատգամավորի ու նախարարի Գյումրիի տնակներ բերես, փողն էլ ջեբերից դատարկես, կդառնա իրենց ասած բոմժը»: Ըստ նրա, Գյումրիի նորակառույց շենքերը կշահագործեն ոչ թե Ազգային ժողովի, այլ՝ նախագահական ընտրություններից առաջ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031