Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջայլամային խոստումներ

Մարտ 15,2012 13:07

Ընտրարշավն, ըստ էության, սկսված է, եւ թեկնածուներն արդեն, այսպես ասած, բացել են իրենց խոստումների տոպրակները: Բայց խոստումները տարբեր  ձեւի են լինում: Երբ, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսում է տնտեսական թեմաներով, դա ինձ համոզում է այնքանով, որ տնտեսագետը խոստանում է՝ իր քաղաքական թիմը, եթե մեծամասնություն ունենա խորհրդարանում,  կիրականացնի այս օրենսդրական քայլերը: Կիրականացնի՞, թե՞ չէ, ճի՞շտ են այդ քայլերը, թե՞ սխալ՝ այլ հարց է: Համենայնդեպս, նա այդ քայլերն առաջարկում էր ոչ միայն նախընտրական շրջանում, որովհետեւ առաջին հերթին մասնագետ է ու հետո միայն՝ քաղաքական գործիչ եւ ընդդիմադիր: Նրա առաջարկներին էլ հնչող պատասխանները, որքան հասկանում եմ, չեն փայլում մասնագիտական  մոտեցումներով եւ հնչում են մոտավորապես այսպես՝ «բա որ դու 90-ական թվականներին երկիր էիր քանդում» (միակ բացառությունը, թերեւս, էկոնոմիկայի փոխնախարարի երեկվա արձագանքն էր): Նաեւ այլ քաղաքական թիմերում կան տարբեր բնագավառների մասնագետներ, որոնք գործնական խոսակցություններ են վարում եւ, այսպես ասած, «թեմայի մեջ են», եւ թող ընտրողները դատեն, թե որքանով են այդ առաջարկները «խելքին մոտիկ»: Խոսքն, իհարկե, այն ընտրողների մասին է, որոնք դեռ չեն կորցրել իրենց դատողունակությունը՝ սոցիալական խնդիրների տակ կքված:

Կան խոստումներ, որոնք պարզապես օդի ցնցում են: Օրինակ՝ երբ անհատ թեկնածուն կամ «ցուցակային կուսակցականը» հայտարարում է՝ «մենք անելու ենք այնպես, որ բոլորն այս երկրում հավասար լինեն օրենքի առաջ», հաստատ իմացեք, որ նա, ըստ էության, ոչինչ չի ասել: Այդպիսի քարոզիչը կամ զբաղվում է «քաղաքական խալտուրայով», այսինքն՝ իրեն նեղություն չի տալիս ընտրություններին նախապատրաստվել, կամ էլ իսկապես ասելիք չունի:

Այլ հարց է, երբ պատգամավորության թեկնածուն կամ կուսակցությունը առաջարկում է լուծել ընտրողների կենցաղային խնդիրները: Գրեթե ցանկացած կրպակում կա մի հաստ ընդհանուր տետր, որը կոչվում է «նիսյայի թուղթ», որը, բնականաբար, վկայում է ժողովրդի աճող բարեկեցության եւ այդ ուղղությամբ կառավարության հմուտ քայլերի մասին: Ահա ընտրությունները շատ լավ առիթ են՝ այդ թղթերը ի չիք դարձնելու: Բնականաբար, պետք է վաղօրոք հայտարարել, որ այդ շռայլ ժեստը կատարել է մեծն բարերար Այսինչյանը, որը միշտ իր ժողովրդի կողքին է եղել: Գոհ կմնան թե կրպակատերը եւ թե բնակիչները: Նույն ձեւով պետք է վարվել ասֆալտի,  տանիքների, վերելակների, գազի եւ էլեկտրաէներգիայի պարտքերի հետ: Բա էլ ինչի՞ համար է պետք պատգամավորը, եթե ոչ՝ ձեր կաթացող տանիքը վերանորոգելու:

Կան, իհարկե, ավելի հեռուն գնացող ծրագրեր: «Հրազդանի» տոնավաճառի տերը, օրինակ, խոստացել է Շիրակի մարզի բնակիչներին՝ ընտրվելու դեպքում իրենց գյուղերում ջայլամներ բուծել: Պատկերացնում եմ, թե ինչպես են  մինուս 15-20 ջերմաստիճանի պայմաններում վազվզելու եւ ձվադրվելու աֆրիկյան այդ կենդանիները:  Բայց առաջարկողը սովորական բիզնեսմեն չի՝ Ազգային ժողովի բազմամյա պատգամավոր է՝ մեկ էլ տեսար արեց: Չէ՞ որ ջայլամներ բուծելը պատգամավորի ուղիղ պարտականությունն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031