Շուրջ 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ՀՀԿ-ն նախընտրական 7 շտաբ է բացել, այնքան, որքան քաղաքի ընտրական տեղամասներն են: Նախընտրական շտաբ է բացված ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի զբաղեցրած տարածքում, Իջեւանի արվեստի դպրոցի շենքում եւ այլուր: Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածով արգելվում է քարոզչական պաստառներ փակցնել պետական եւ համայնքային հիմնարկների զբաղեցրած շենքերում:
Մեր տվյալներով` ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի զբաղեցրած շենքի այդ հատվածը (ուր տեղակայված է նախընտրական շտաբը) մասնավոր սեփականություն է, սակայն օրենքը նշում է զբաղեցրած եւ ոչ թե պատկանող շենքի մասին, իսկ տվյալ դեպքում շենքը զբաղեցնում է պետական բուհի մասնաճյուղը:
Իջեւանի արվեստի դպրոցը (նաեւ` այդտեղ բացված ՀՀԿ նախընտրական շտաբը) տեղավորված է համայնքին պատկանող շենքում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավարը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն է: Կիրառական արվեստի ֆակուլտետը Տավուշի մարզպետարանից շուրջ 100մ հեռավորության վրա է: ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավարը Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ Արմեն Ղուլարյանն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ