Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ինչո՞ւ եք կարծում, որ հանրությանը դուր են գալիս մականունավորները»

Մարտ 15,2012 12:51

«Եթե հանրություն ասելով նկատի ունեք Հայաստանի Հանրապետության ողջ հանրությունը՝ գուցե դուք իրավացի եք: Բայց մենք առաջադրել ենք ոչ թե ողջ Հայաստանով մեկ, այլ 17 ընտրատարածքում, որտեղ մեր թեկնածուն շատ հարգված անձնավորություն է, դպրոցի տնօրեն, ՀՀԿ տեղի կառույցի փոխնախագահ, երկար տարիների կուսակցական է եւ մենք համոզված ենք, որ նա, մեր թիմի հետ համատեղ, կհասնի հաջողության»,- ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ է Արտաշատ քաղաքը եւ հարակից գյուղերն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրել հանրությանն անհայտ Կարինե Պողոսյանին, այն պարագայում, երբ կոալիցիոն ԲՀԿ-ն նույն ընտրատարածքում ունի ավելի ուժեղ թեկնածու` Շերիֆ մականունով հայտնի ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, որը ղեկավարում է ԲՀԿ Արարատի մարզային կառույցը: Թեւե ԲՀԿ-ն պաշտոնապես դեռ չի հրապարակել կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ցուցակը, բայց խոսվում է, որ հենց Գրիգոր Գրիգորյանն էլ այդ տարածքում լինելու է ԲՀԿ-ի թեկնածուն: Նկատենք, որ այդ տարածքից անցած ընտրություններում պատգամավոր դարձավ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն էլ մշտապես «տեր ու տնօրեն» է համարվել այդ տարածքում, եւ որը ՀՀԿ 13-րդ համագումարից հետո դարձավ ՀՀԿ հինգ փոխնախագահներից մեկը:

Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ի առաջադրումն արդյոք չի՞ խոսում այն մասին, որ ԲՀԿ-ի հետ պայմանավորվածություններ կան մեծամասնական կարգով առաջադրումների մասով: «Ոչ դա դրա մասին չի խոսում: Դա խոսում է նրա մասին, որ եթե մենք իրար դեմ առաջադրում ենք, ուրեմն` ազատ մրցակցության կողմնակից ենք»,- պատասխանեց Շարմազանովը: Հարցին էլ` ինչպե՞ս է ինքը պատկերացնում դպրոցի տնօրենի եւ մի շարք «քաջագործություններով» հայտնի մարդու ազատ մրցակցությունը, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Դպրոցի տնօրենն իր կուսակցական ընկերների եւ համախոհների հետ շատ նորմալ քարոզչություն կիրականացնի եւ հաջողության կհասնի: Իսկ ձեզ ինչի՞ է թվում, որ մեր հասարակության մեծ մասին ավելի շատ դուր են գալիս մականունավորները, քան մտավորականները: Ես այն կարծիքին եմ, որ մեր հասարակության մեծ մասին դուր են գալիս բարոյական, մտավորական անձինք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031