Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում Հարավային Կովկասը սպասողական վիճակում կլինի»

Մարտ 15,2012 12:10

Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար

Որքանո՞վ կազդեն Վլադիմիր  Պուտինի վերընտրությունն ու Միացյալ Նահանգներում մեկնարկած նախագահական ընտարշավը Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունների վրա: Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` ռուս – ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնությունները կշարունակեն հրատապ մնալ նաեւ Պուտինի պաշտոնավարման երրորդ ժամկետի վեց տարիներին: Կովկասում պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի տարաձայնությունների հիմնական թեման, սակայն, շարունակելու է մնալ Վրաստանը:

«Վրաստանի խնդրում Մոսկվայի եւ Վաշինգտոնի տեսակետները տրամագծորեն հակառակն են: Դրա հետ մեկտեղ, երկու երկրներն էլ պատրաստ են համագործակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», – նշում է Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած մեկնաբանության մեջ:

Քաղաքագետի խոսքով, եթե Ղարաբաղի խնդրում լուրջ տարաձայնություններ չկան, ապա վրաց – ռուսական հակամարտությունը Միացյալ Նահանգներում նաեւ որոշակի ներքաղաքական հնչեղություն ունի. – «Սոցիոլոգիական բոլոր  հարցումները վկայում են, որ այժմ Բարաք Օբաման վերընտրության շատ ավելի լուրջ հեռանկարներ ունի, քան նախկինում: Դրա հետ մեկտեղ, անգամ հաղթանակի պարագայում Օբաման չի կարողանա անտեսել հանրապետականների այն մոտեցումը, որի համաձայն` Վլադիմիր Պուտինի վերընտրությունը լուրջ մարտահրավեր է ամերիկյան ազգային շահերին: Հարկ է նկատել, որ վրացական թեման հանրապետականների նախընտրական հռետորաբանության ոչ առանցքային, բայց շատ կարեւոր մասնիկն է: Այնպես որ, Օբաման, ուզի թե չուզի, պետք է արձագանքի իր հակառակորդների այն քննադատությանը, թե Վաշինգտոնը «վաճառում է» ժողովրդավարության արժեքները` այժմեական քաղաքական շահից դրդված»։

Ամեն դեպքում, ըստ Մարկեդոնովի, առաջիկայում Հարավային Կովկասը սպասողական վիճակում կլինի:

«Պուտինը դեռ չի ընտրել, թե ինչն է իր համար գերադասելի` քաղաքական միջավայրի սառեցո՞ւմը, թե՞ չափավոր բարեփոխումները։ Նրա այդ ընտրությունն էլ կկանխորոշի ռուս – ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը։ Իսկ այդ ընթացքից Հարավային Կովկասում չափազանց շատ բան է կախված», – համոզված է ռուսաստանցի քաղաքագետը։

Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031